13:34 | 20.01.12 | Նորություններ | 2342

Orange. Ազգային կինոյի առաջին մրցանակաբաշխությունը կկայանա մարտին

Երեւան/Մեդիամաքս/. Ազգային կինոյի առաջին մրցանակաբաշխությունը, որը ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Orange Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ, տեղի կունենա ս.թ. մարտի կեսին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն այսօր ասել է, որ ազգային կինոյի «Հայակ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգերում, մրցանակին հավակնում են 92 ֆիլմեր, որոնք նկարահանվել են Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում:

«Մեր նպատակն է վերհանել կինոյի բոլոր գործիչներին, ոչ միայն ռեժիսորներին, այլ նաեւ հասարակության համար ճանաչելի դարձնել ֆիլմի նկարահանման ամբողջ կազմը», - ասել է Գեւորգ Գեւորգյանը:

Մրցանակաբաշխության ժյուրին կազմված է 11 անդամից, քվեարկությունը կանցկացվի գաղտնի եղանակով:

Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ ընկերությունը երջանիկ է աջակցել մրցանակաբաշխության ստեղծմանն ու կայացմանը:

«Հայկական կինոն երկար պատմություն ունի, ավելի քան 80 տարեկան է: Այն պետք է ճանաչվի եւ մեծարվի ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում», - ասել է Բրունո Դյութուան:

Նա հիշեցրել է, որ Orange-ը 10 տարի շարունակ համագործակցում է Կաննի փառատոնի հետ:

Նախատեսված է, որ հետագայում մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն Հայաստանում արտադրված, այլեւ արտերկրում հայկական թեմաներով եւ հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր: