12:16 | 18.01.12 | Նորություններ | 1256

Վիքիփեդիա-ի անգլիալեզու տարբերակը մեկօրյա գործադուլ է հայտարարել

Երեւան/Մեդիամաքս/. Վիքիփեդիա օնլայն հանրագիտարանն այսօր 24 ժամով փակել է մուտքը դեպի իր անգլիալեզու տարբերակ՝ որպես բողոքի ակցիա ընդդեմ ԱՄՆ-ում առաջարկվող հակահենական օրենսդրության:

Հանրագիտարանի մեկօրյա գործադուլն ուղղված է ընդդեմ ցանցահենության դեմ ուղղված օրինագծին (Stop Online Piracy Act, SOPA),  որն առաջարկվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին 2011թ. հոկտեմբերի 26-ին Լամար Սմիթի եւ 12 համահեղինակների կողմից: Օրինագիծն ենթադրում է ամերիկյան օրինապահ մարմինների եւ հեղինակային իրավունքների սեփականատերերի լիազորությունների ընդլայնում անօրինական թվային բովանդակության, ուրիշի մտավոր սեփականության ապօրինի վաճառքի եւ կեղծիքների դեմ:

Առաջարկվող օրինագծով ինտերնետում գործունեություն ծավալող ցանկացած ոք՝ սկսած պրովայդերներից մինչեւ որոնող համակարգեր եւ գովազդատուներ, պարտավոր են մտավոր սեփականության սեփականատիրոջ դիմումի հիման վրա դադարեցնել ցանցահենության մեջ մեղադրվող ռեսուրսին ծառայությունների մատուցումը եւ դադարեցնել նրա հետ ցանկացած համագործակցությունը:

Վիքիփեդիայի հիմնադիր Ջիմի Ուեյլսը BBC-ին ասել է, որ բողոքի ակցիան ուղղված չէ հենության հետ պայքարի դեմ: «Խնդիրը կայանում է նրանում, որ օրինագիծն այնքան ընդգրկուն է եւ այնքան վատ է գրած, որ ընդունվելու դեպքում կազդի նաեւ այն ամենի վրա, ինչը ոչ մի կապ չունի հենությունը բացառելու հետ»,- ասել է հանրագիտարանի հիմնադիրը: 

«Ավելի քան 10 տարիների ընթացքում մենք ծախսել ենք միլիոնավոր ժամեր՝ կառուցելով մարդկության պատմության մեջ խոշորագույն հանրագիտարանը: Իսկ այժմ ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է օրենսդրական նախագծեր, որոնք կարող են կործանարար ազդեցություն ունենալ ազատ եւ բաց ինտերնետի համար: Խնդրի շուրջ իրազեկվածության բարձրացման նպատակով 24 ժամով փակում ենք մուտքը դեպի Վիքիփեդիա»,- ասված է http://en.wikipedia.org էջում տեղադրված հայտարարության մեջ:

Հանրագիտարանի հայալեզու եւ ռուսալեզու տարբերակները բաց են ընթերցման եւ խմբագրման համար: