18:13 | 13.01.12 | Նորություններ | 2308
Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում հայտարարել է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը:
Մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300գ բեռ և կվերադառնան մեկնարկի կետ, հայտնել են ԻՏՁՄ-ում:
Ռոբոտը կարող է ունենալ կառուցման ցանկացած տեսակ` VTOL (ուղղահայաց թռիչք և վայրէջք), CTOL (սովորական թռիչք և վայրէջք), STVOL (կարճ թռիչք և վայրէջք) և այլն: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչեւ մարտի 12-ը և գրանցումից 10 օր անց ներկայացնել ռոբոտի ամբողջական նախագիծը և կոնցեպտը: Միությունը ռոբոտ պատրաստելու համար անհրաժեշտ մասեր կտրամադրի այն 5 թիմերին, որոնք կներկայացնեն ռոբոտի լավագույն կոնցեպտը:
Մրցույթին կարող են մասնակցել նաև թիմեր, որոնք նախօրոք գրանցված չեն եղել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ:
Մրցույթի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: