11:28 | 19.12.11 | Նորություններ | 3018

Orange-ի նոր ծառայությունը`Ինտերնետ Միասին

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը մեկնարկեց Ինտերնետ Միասին ծառայությունը, որի շնորհիվ բաժանորդներն այսուհետ կարող են ստանալ 1 կամ 2 լրացուցիչ SIM քարտ, որոնք կկցվեն հիմնական հաշվին եւ կարող են միաժամանակ օգտագործվել ինտերնետ բաժանորդագրությամբ նախատեսված գերարագ ինտերնետի ծավալը:

Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով հնարավոր կլինի օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչեւ 256 Կբ/վ կամ 512 Կբ/վ ներբեռնման արագությամբ` համապատասխան սակագնային պլանի:

«Մեր ավելի քան 70 000 ինտերնետ բաժանորդներից շատերը հաճախ կարիք են ունենում կիսվելու իրենց ինտերնետով մտերիմների հետ կամ օգտագործում են մեկից ավել սարքավորումներ ինտերնետ մուտք գործելու համար: Այս նոր ծառայության շնորհիվ դա հնարավոր է դառնում»,- ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինտերնետ Միասին ծառայության ամսավճարը յուրաքանչյուր լրացուցիչ SIM քարտի համար 2000 դրամ է: Հավելյալ SIM քարտերով ինտերնետից օգտվելու համար  բաժանորդները կարող են նաեւ վարձակալել Ինտերնետ Հիմա մոդեմ` յուրաքանչյուր մոդեմի համար ամսական վճարելով 1000 դրամ: