ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը դարձավ “Բիզնես առաջնորդության” մրցանակի առաջին մրցանակակիրը
09:39 | 19.12.11 | Նորություններ | 2915
Երեւան/Մեդիաամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի եւ կառավարման ֆակուլտետի` “Բիզնես առաջնորդության” մրցանակը:
Մրցանակը Ռալֆ Յիրիկյանին հանձնեցին համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը եւ Բիզնեսի եւ կառավարման ֆակուլտետի դեկան Էրիկ Գեւորգյանը:
“Կարելի է նշել արդյունավետ բիզնես առաջնորդության հարյուրավոր նախապայմաններ. շուկայի զարկերակը զգալու ունակությունը, մասնագետների լավ թիմի ձեւավորումը եւ դրա շարժիչ ուժ լինելը, բեկումնային գաղափարներն ի մի բերելու հմտությունը, ոլորտի միտումները հասկանալը, ինչպես նաեւ նորարարություններին եւ վերջին գիտական մշակումներին ծանոթ լինելը, եւ այլն: Անկասկած, թվարկվածներից բոլորն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայմաններ են կայուն բիզնես մոդել ստեղծելու համար: Մինչդեռ իրական առաջնորդությունը օրինակ ծառայելն է”,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: