10:37 | 05.12.11 | Նորություններ | 1098

Google Apps-ի առավելությունները կներկայացվեն հայկական խոշոր բիզնեսին

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում գործող կազմակերպություններն արդեն կարող են ձեռքբերել Google Apps ծրագրային գործիքները տեղական շուկայում գործող պաշտոնական վերավաճառողից՝ Ջի Դիզայն Գրուպ ընկերությունից:

Google Apps-ը Google-ի ծառայություններն են, որոնք թույլ են տալիս օգտագործել գնորդի դոմեյնը Google-ի մի շարք ապրանքատեսակների հետ, որոնցից հիմնականներն են Gmail-ը, Google Calendar-ը, Google Talk-ը, Google Docs-ը եւ Google Sites-ը:



Ընկերության առաջխաղացման մասնագետ Արմեն Սարգսյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ նշված ծրագրերի օգտագործումը զգալիորեն կբարձրացնի ընկերությունների եւ կազմակերպությունները աշխատանքի արդյունավետությունը՝ ապահովելով ցանկացած վայրից հասանելի ապահով եւ հակասփամային ֆիլտրներով օժտված կորպորատիվ փոստ եւ այլ հավելյալ ծառայություններ, որոնց թվում են, օրինակ, աշխատանքային խմբերի համակարգումը եւ իրադարձությունների կառավարումը (event management):

«Google Apps-ը, փաստացի, hաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (Customer relationship management, CRM) համակարգերի փոխարինիչ է, ուղղակի  շատ ավելի ճկուն է եւ ունի շարժական տարբերակներ», - ասել է Արմեն Սարգսյանը:

Նա նշել է, որ Հայաստանում Google Apps-ի վաճառքի հիմնական թիրախային խմբերն են լինելու խոշոր կազմակերպությունները եւ մոտ ժամանակներս նախատեսվում է հանդիպում Հայաստանում գործող խոշոր ընկերությունների եւ կազմակերպությունների մարկետինգի գծով պատասխանատուների հետ, որի ընթացքում կներկայացվեն Google Apps-ի առավելությունները:

Ծառայության գները, Արմեն Սարգսյանի փոխանցմամբ, ունիվերսալ են տարածաշրջանի համար եւ կազմում են տարեկան $50 ամեն օգտագործողի համար: Այս գնով կարելի է օգտագործել Google Apps բոլոր ծառայությունները, բացառությամբ Google Marketplace-ի եւ Google Backup-ի, որոնք ենթադրում են հավելյալ վճար: Մինչ ծառայության ձեռքբերումը այն կարելի է մեկ ամիս փորձարկել անվճար:

Խոսելով հայկական պաշտոնական վերավաճառողից Google Apps ծառայության ձեռքբերման առավելությունների մասին, Արմեն Սարգսյանն ասել է, որ պայմանագիր կնքելով անմիջապես Google-ի հետ, հայկական ընկերությունները չեն կարողանա օգտվել 24-ժամյա տեխնիկական աջակցության, խորհրդատվության եւ անձնակազմի վերապատրաստման ծառայություններից, որոնք որպես Google-ի գործընկեր, առանց հավելյալ վճար գանձելու, կմատուցի Ջի Դիզայն Գրուպ-ը: