12:24 | 29.11.11 | Նորություններ | 3658
Երեւան: Մեդիամաքս: Հայ գիտնականներն այսուհետ համաշխարհային առցանց ամսագրերից եւ շտեմարաններից օգտվելու հնարավորություն ունեն:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում տեղի է ունեցել “Հայկական Վիրտուալ Գիտական գրադարան” ծրագրի շնորհանդեսը:
“Հայկական Վիրտուալ Գիտական գրադարան”-ը ներառում է բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն հոդված, ՄԱԿ-ի Research4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր:
Ինչպես իր խոսքում նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, “Հայկական Վիրտուալ Գիտական գրադարանի” ստեղծումը կարեւոր նախաձեռնություն է, քանի որ հայ գիտնականները այսօր ի վիճակի չեն բաժանորդագրվելու գիտական ամսագրերի:
“Հայկական Վիրտուալ Գիտական գրադարանի միջոցով այս խնդիրը լուծվում է: Մյուս կողմից էլ այս ռեսուրսը նպաստում է էլէկտրոնային ամսագրերի զարգացմանը, որոնք, ի տարբերություն թղթայինի, հասանելի են ու ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում”,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը:
ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ մինչեւ 2015թ. համաշխարհային գիտական գրականության 70-80%-ը հասանելի կլինի հայ գիտնականներին: Նրա խոսքով, այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ, ու արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ:
“Հայկական Վիրտուալ Գիտական գրադարանը“ թույլ կտա նաեւ օտարերկրյա գիտնականներին ներկայացնել հայկական գիտական ամսագրերը եւ հայ գիտնականների ձեռքբերումները”,- նշել է Սամվել Հարությունյանը:
Շնորհանդեսին ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ Հայաստանը միշտ էլ առաջամարտիկ է եղել գիտության ասպարեզում:
“Մենք վերջերս Հայաստանի հետ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր ենք կնքել, որը նախատեսում է զարգացնել համագործակցությունը ՀՀ ԳԱԱ եւ ԿԳՆ հետ”,- տեղեկացրել է դեսպանը: