09:41 | 23.11.11 | Նորություններ | 2357

«Odnoklassniki» -ն որոնողական համակարգերին կարտոնի ինդեքսավորել իր օգտատերերի էջերը

Երեւան/Մեդիամաքս/. «Odnoklassniki» սոցիալական ցանցը որոնողական համակարգերի համար մատչելի կդարձնի իր 105 մլն օգտատերերի էջերը, այսօր գրում է “Կոմերսանտ” թերթը:

Այսպիսով` եթե դուք գրանցված եք «Odnoklassniki»-ում, ապա Yandex-ի կամ Google-ի միջոցով կարելի է գտնել ձեր էջը:

«Odnoklassniki»-ի օգտատերերը կկարողանան կարգավորել իրենց պրոֆիլի “թափանցիկությունը”. որոնողական համակարգերում կհայտնվեն միայն էջի տիրոջ կողմից արտոնված տվյալները, իսկ “ընկերներ”-ի համար նախատեսված տեղեկություններն անհասանելի կլինեն կողմնակի անձանց համար:

«Odnoklassniki»-ի մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանություններ տալ:

«Odnoklassniki» ցանցը գործարկվել է 2006-ի մարտին: Ներկայումս այն ունի ավելի քան 105 մլն օգտատերեր: 2010-ի օգոստոսին Mail.ru Group-ը ձեռք էր բերել սոցիալական ցանցի 100%-ը:

2011-ի առաջին կիսամյակում «Odnoklassniki» ցանցի հասույթը կազմել է $57,3 մլն կամ Mail.ru Group-ի ողջ հասույթի 25%-ը: