12:42 | 22.11.11 | Նորություններ | 2634
Երեւան: Մեդիամաքս: Հարցված հայաստանյան ընկերությունների միայն 34%-ն է օգտվում սոցիալական ցանցերի ծառայություններից, նշվում է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կողմից հրապարակված Միջազգային գործարար զեկույցում (ՄԶԳ):
Ամբողջ աշխարհում այս ցուցանիշը կազմում է 43%, ընդ որում, հետազոտությունների համաձայն, սոցիալական ցանցերում ընդգրկվածության մակարդակը զարգացող երկրներում գերազանցում է արեւմտյան պետությունների ցուցանիշը: Մասնավորապես, Լատինական Ամերիկայում ցուցանիշը կազմել է 53%, BRIC-ի երկրներում /Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան/` 50%:
Հետազոտության արդյունքները վկայում են, որ սոցիալական կայքերից ընկերությունների օգտվելու դրդապատճառները հետեւյալն են՝ գովազդ (53%), հաճախորդների հետ հաղորդակցություն (51%) եւ կադրերի ներգրավում (43%):
Գովազդն առաջին դրդապատճառն է նաեւ Հայաստանում (28%), այնուհետեւ՝ կադրերի ներգրավումը (10%), իսկ հաճախորդների հետ հաղորդակցության տարբերակն ընդհանրապես չի նշվել:
Զեկույցում նաեւ նշվում է, որ չնայած նոր լրատվամիջոցների սրընթաց աճին, թերթերը շարունակում են մնալ գործարարների կողմից նորությունների ստացման նախընտրելի աղբյուրը: Հարցված 5 գործարարներից 4-ը շաբաթն առնվազն երեք անգամ թերթ են կարդում: Հայաստանում հարցմանը մասնակից գործարարների 76%-ը հաստատել է, որ պարբերաբար թերթ է ընթերցում: Ընդ որում` Հայաստանում տպագիր եւ էլեկտրոնային թերթերը շարունակում են հանդիսանալ նորությունների ստացման ամենանախընտրելի աղբյուրը (66%), որին հետեւում է հեռուստատեսությունը՝ մասնակիցների ձայների 21%-ը: