16:54 | 21.11.11 | Նորություններ | 4093

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հասույթը երրորդ եռամսյակում կազմել է 20.9 մլրդ դրամ

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հասույթը 2011թ. երրորդ եռամսյակում կազմել է 20.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0,8%-ով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «МТС» ԲԲԸ ֆինանսական տվյալները, ընթացիկ տարվա III եռամսյակում 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ օպերատորի հասույթն ավելացել է 11%-ով:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ԱրմենՏելի (ապրանքանիշը՝ Beeline) գործառնական եկամուտը նույն ժամանակահատվածում ավելացել է 5%-ով եւ կազմել 18,66 մլրդ դրամ (բջջային եւ ֆիքսված բիզնեսներից):

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի պահումը (OIBDA) այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 11,882 մլրդ դրամ` նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 17,2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 3,1%-ով:

Բջջային կապի մեկ բաժանորդից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) 3-րդ եռամսյակում կազմել է 2751 դրամ` 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 14%-ով: Միաժամանակ, MOU ցուցանիշը (մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդի կողմից օգտագործված րոպեների քանակը) երրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով գրեթե չի փոփոխվել՝ կազմելով 293 րոպե:

Beeline-ի APRU ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 3281 դրամ, 2010թ. երրորդ եռամսյակի հետ համեմատ նվազելով 21%-ով, իսկ MOU ցուցանիշը երրորդ եռամսյակում նվազել է 8%-ով եւ կազմել է 264 րոպե: