12:09 | 11.11.11 | Նորություններ | 5613

Սթիվ Վոզնյակն արժանացել է Պոլիտեխնիկի Պատվավոր դոկտորի կոչման

Երեւան: Մեդիամաքս: Apple ընկերության համահիմնադիր Սթիվեն Վոզնյակին այսօր Երեւանում շնորհվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Պատվավոր դոկտորի կոչում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Սթիվեն Վոզնյակը կնոջ` Ջանեթ Վոզնյակի հետ այցելել է ՀՊՃՀ եւ հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Հանձնելով Սթիվեն Վոզնյակին բուհի Պատվավոր դոկտորի դիպլոմը տեղեկատվական եւ հաղորդակցման ոլորտում ակնառու ներդրման համար` ռեկտոր Արա Ավետիսյանը հույս է հայտնել, որ Apple ընկերության համահիմնադիրը հաճախակի կայցելի Հայաստան:

“Այս կոչմանն արժանանալը մեծ պատիվ է ինձ համար: Հայաստանն արդեն ընդմիշտ իմ հոգու եւ սրտի մի մասն է, եւ այս համալասարանն արդեն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Այս կոչումը նշանակում է, որ ես դեռ կարող եմ ոգեկոչել երիտասարդներին նոր բաներ ստեղծելու”,- ասել է Սթիվեն Վոզնյակը` ելույթ ունենալով բուհում իր առաջին դասախոսության ժամանակ: 

Նա պատմել է հավաքվածներին, թե ինչպես եւ ինչու է որոշել դառնալ ճարտարագետ:

“Ես սիրահարվեցի համակարգչին, որովհետեւ այն մարդուն հնարավորություն է տալիս ծրագրել այն, ինչ նա ուզում է անել: Դեռ վաղ տարիքից երազում էի անհատական համակարգիչ ունենալու մասին, եւ իմ լավ բարեկամ Սթիվ Ջոբսը, ով գնահատում էր գերազանցությունը կյանքում, հասկացավ սա, եւ մենք լծվեցինք այս գործին”,- պատմել է աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողը:

Սթիվեն Վոզնյակը պատմել է, թե ինչպես է իր ներդրումն ունեցել ԱՄՆ եւ ԽՍՀՄ միջեւ հաղորդակցության ապահովմանը Սառը պատերազմի շրջանում, եւ որ բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից քոլեջում ուսանելու տարիներին ոգեւորվել է նաեւ քրիստոնեւական վարդապետությամբ:

Այսօր Սթիվեն Վոզնյակին կշնորհվի նաեւ ՀՀ նախագահի` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը: Մրցանակը հիմնադրվել է Սինոփսիս Արմենիա ընկերության նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: