10:34 | 10.11.11 | Նորություններ | exclusive 4827

Սթիվ Վոզնյակ. «Իմ այցը Հայաստան հատուկ առիթ է»

Երեւան: Մեդիամաքս: Apple ընկերության համահիմնադիր, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվեն Վոզնյակն (Stephen Wozniak) ասել է, որ Հայաստան է ժամանել «շատ հատուկ մրցանակ» ստանալու նպատակով:

Սթիվեն Վոզնյակն ասել է այս մասին նոյեմբերի 9-ի երեկոյան Զվարթնոց օդանավակայանում Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում: «Ինձ Հայաստան են հրավիրել հատուկ մրցանակ ստանալու եւ առանձնահատուկ մարդկանց հետ հանդիպելու նպատակով», - ասել է Վոզնյակը:

Վաղը Երեւանում Սթիվեն Վոզնյակին կշնորհվի ՀՀ նախագահի` «Համաշխարհային հեղինակություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» մրցանակը: Մրցանակը ստեղծվել է Սինոպսիս Արմենիա ընկերության նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում Սթիվեն Վոզնյակն ասել է, որ «տեխնոլոգիաները մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար»:

«Ես մի լավ ընկեր ունեմ, բայց չգիտեի, որ նա հայ է, մինչեւ այսօր ինձ չասացին, որ Գարի Նաթաշյանը հայկական անուն է: Նա հաճախ է գալիս Հայաստան եւ աշխատում մանկատանը: Ես շատ եմ սիրում բարի արարքներով առանձնացող մարդկանց: Կարծում եմ Հայաստանն այն վայրն է, որտեղ մարդիկ շատ ուշադիր են նրանց նկատմամբ, ովքեր օգնության կարիք ունեն», - ասել է Սթիվեն Վոզնյակը Մեդիամաքսի հետ հարցազրույցում:

Այսօր Երեւանում Սթիվեն Վոզնյակը կհանդիպի Հայաստանի ՏՏ-հանրության ներկայացուցիչների հետ:
35 տարի առաջ, 1976-ի ապրիլի 1-ին, Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը ստեղծեցին Apple Computer-ը, որը համարվում է աշխարհի առաջին անհատական համակարգիչը:

Կարդացեք նաեւ` Սթիվ Վոզնյակ. «Սթիվ Ջոբսի հետ հավատում էինք, որ մեծ գործ ենք անում»