Apple-ի համահիմնադիր Սթիվեն Վոզնյակը
Սթիվ Ջոբսն ու Սթիվեն Վոզնյակը
15:10 | 09.11.11 | Նորություններ | 4351
Երեւան: Մեդիամաքս: Apple-ի համահիմնադիր Սթիվեն Վոզնյակը (Stephen Wozniak) այսօր երեկոյան կժամանի Երեւան` ՀՀ նախագահի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը ստանալու համար:
Սթիվեն Վոզնյակի ժամանման մասին լուրն այսօր հաստատել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում, որը մրցանակի գլխավոր հովանավորն է:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակություն» առաջին մրցանակը 2010 թվականին ստացել էր Intel-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բառեթը: Մրցանակի ստեղծման նախաձեռնողը “Սինոփսիս Արմենիա” ընկերությունն է:
1976 թվականի ապրիլի 1-ին Սթիվ Ջոբսն ու Սթիվեն Վոզնյակը ստեղծեցին Apple Computer-ը: Այդ ժամանակ Սթիվեն Վոզնյակը դուրս եկավ Hewlett-Packard-ից եւ դարձավ Apple ընկերության գիտական հետազոտությունների եւ մշակման հարցերով փոխնախագահ:
Մեդիամաքսին “Սինոփսիս Արմենիա”-ից հայտնել են, որ Երեւանում Սթիվ Վոզնյակը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Նախատեսվում է, որ Սթիվ Վոզնյակը Հայաստանում 3 օր կանցկացնի: