16:40 | 01.11.11 | Նորություններ | 795

Բիզնես միջավայրի բարելավման համար կառավարությունը զարգացնելու է էլեկտրոնային ծառայությունները

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ասել է, որ բիզնես միջավայրի բարելավման համար կառավարությունը չորս կարեւոր միջոցառում է իրականացնելու:

“Առաջինն էլեկտրոնային կադաստրն է, որը մինչեւ տարեվերջ Երեւանում շահագործման կհանձնենք եւ 2012 թվականին ամբողջ հանրապետությունը կապահովենք էլեկտրոնային կադաստրի համակարգով: Սա էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը եւ կբարձրացնի կադաստրի բոլոր գործառույթների արդյունավետությունը:

Երկրորդն էլեկտրոնային նոտարի ծրագրի ներդրումն է, որ մենք իրականացնելու ենք 2012 թվականի ընթացքում:

Երրորդն էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրումն է հարկային դաշտում: Այս պահի դրությամբ էլեկտրոնային վճարումների ծավալը կազմում է 10 տոկոս, եւ  2012 թվականի ընթացքում պետք է մի քանի անգամ ավելացնենք էլեկտրոնային վճարումների ծավալը:

Չորրորդն էլեկտրոնային գնումների համակարգի ներդրումն է, որը նույնպես բիզնես միջավայրի վրա դրական ազդեցություն է թողնում”, - ասել է վարչապետը: