12:37 | 27.10.11 | Նորություններ | 3355
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Մասիս քաղաքի հեռախոսագծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ Ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
«Ցանցի արդիականացումը եւ բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներդրումը` մեր ընկերության զարգացման ռազմավարության գլխավոր գերակայությունն է: Ֆիքսված կապի հեռախոսագծերի թվայնացումն աշխատատար եւ ծախսատար, սակայն, միաժամանակ, երկրի համար անհրաժեշտ գործընթաց է, եւ մենք շարունակում ենք աշխատել մեր ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: Միասնական օպերատոր` ԱրմենՏել-ի ներդրումների շնորհիվ, Հայաստանի ֆիքսված ցանցի թվայնացման մակարդակը թույլ է տալիս դասել մեր երկիրը Արեւմտյան Եվրոպայի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հոկտեմբերի վերջի դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82 տոկոսը, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13 000 կմ-ը: