18:06 | 25.10.11 | Նորություններ | 1534

Դեկտեմբերին Երեւանում ՏՏ ոլորտի Start-up weekend կանցկացվի

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա մրցույթի հաղթող երեք մենեջերներին, ովքեր օգոստոսին երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց են անցել ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում (Stanford Executive Institute):

Հանդիպմանը մասնակցել են նաեւ մրցանակաբաշխության նախաձեռնող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ հովանավոր, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը:  

Սթենֆորդի համալսարանում վերապատրաստում անցած մենեջերները նշել են, որ երկշաբաթյա ինտենսիվ թրեյնինգը հնարավորություն է տվել ծանոթանալ ՏՏ ոլորտի առաջատար ամերիկյան ընկերությունների մենեջմենթի եւ աշխատանքի կազմակերպման գործընթացներին: Նրանք ընդգծել են, որ կիրառական գիտելիքների ձեռքբերումը նպաստում է ՏՏ ոլորտում գործող մենեջերների որակավորման բարձրացմանը եւ պատրաստակամություն հայտնել դրանք փոխանցել հայաստանյան ՏՏ ոլորտի մյուս մասնագետներին` ընդլայնելով այդ գիտելիքների հասանելիության շրջանակը:

Նրանց խոսքերով, դասընթացների ընթացքում հաստատված կապերի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա դեկտեմբերին Երեւանում ՏՏ ոլորտի Start-up weekend անցկացնել: