11:49 | 25.10.11 | Նորություններ | 7213

Կլարա Հակոբյանը` Սթիվ Ջոբսի իրական մայրը

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ում հրապարակված «Սթիվ Ջոբս» գրքի առաջին գլխում հեղինակ Ուոլթեր Այզեքսոնը պատմում է Apple ընկերության ապագա ղեկավար Սթիվ Ջոբսին` Կլարա Հակոբյանի եւ Փոլ Ջոբսի կողմից որդեգրելու մասին:

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փոլ Ջոբսն ազատվելով ափամերձ ծառայությունից` գրազ եկավ իր բանակային ընկերների հետ: Նրանց նավը Սան-Ֆրանցիսկոյում էր, եւ հենց այնտեղ Ջոբսը պնդեց, որ կկարողանա 2 շաբաթվա մեջ կին գտնել իրեն: Հիանալի կազմվածքով, ավելի քան 180 սմ հասակով, սանձարձակ դաջվածքներով, նա նման էր այն ժամանակ հայտնի դերասան Ջեյմս Դինին: Սակայն արտաքինը չէր, որ գրավեց Կլարա Հակոբյանին` ներգաղթողների ընտանիքից բարի մի աղջկա: Պարզապես Փոլը եւ իր ընկերներն ավտոմեքենա ունեին, ինչով չէր կարող պարծենալ Կլարայի շրջապատը: Նրանք սկսեցին հանդիպել եւ արդեն 10 օր անց, 1946-ի մարտին, Ջոբսն ամուսնացավ նրա հետ: Նրանք միասին ապրեցին երկար ու երջանիկ, մինչեւ մահը չբաժանեց նրանց», - գրում է Այզեքսոնը իր գրքի առաջին մասում, որը տեղադրվել է Appleinsider.ru կայքում:

Կլարա Հակոբյանը ծնվել էր Նյու Ջերսիում. իր ծնողներն այստեղ ապաստան էին գտել «Հայաստանի տարածքում Օսմանյան կայսրության եւ Թուրքական Հանրապետության կողմից իրականացվող դաժանություններից փրկվելու համար», - նշում է հեղինակը:

Ուոլթեր Այզեքսոնը գրում է, որ արտարգանդային հղիությունից հետո Կլարան այլեւս ի վիճակի չէր երեխա ունենալ: «1955-ին, 9 տարի համատեղ կյանքից հետո, նրանք որոշեցին զավակ որդեգրել», - ասվում է գրքում:

«Վաղ տարիներից Սթիվ Ջոբսը գիտեր, որ ինքը որդեգրված է: «Ծնողներս երբեք չեն թաքցրել դա ինձանից», - հիշում էր Սթիվը:

Նա հստակ հիշում էր, երբ 6 տարեկան էր եւ իրենց տան բացատում նստած` հարեւանի աղջկան պատմում է իր որդեգրության մասին: «Դա նշանակում է, որ քո ծնողները չէ՞ին ցանկացել պահել քեզ», - հարցրել էր այդ աղջիկը: «Դա նման էր էլեկտրական հարվածի, - պատմել էր Սթիվը: - Արցունքների մեջ ես վազեցի տուն: Երբ հայրս ու մայրս իմացան այդ մասին, աչքերիս մեջ նայելով եւ շեշտելով ամեն մի բառ` ասացին. «Ամենեւին, դու յուրահատուկ երեխա ես, դրա համար էլ մենք քեզ վերցրեցինք», - գրում է Ուոլթեր Այզեքսոնը:

Նա ընդգծում է, որ Սթիվ Ջոբսը Կլարային եւ Փոլին համարում էր իր իրական ծնողները: «Կլարան եւ Փոլը 1000%-ով իմ ծնողներն են: Իսկ Ջոանան եւ Աբդուլֆաթահը` պարզապես սերմի եւ ձվաբջիջի բանկ: Դա ամենեւին էլ կոպիտ չէ, այլ իրականություն է», - մեջբերում է Ջոբսի խոսքերը Ուոլթեր Այզեքսոնը:

Մեդիամաքսը նշում է, որ  www.geni.com կայքի տվյալներով, Կլարա Հակոբյանը մահացել է 1986-ին Սանտա-Կլարում` 62 տարեկան հասակում, իսկ իր ամուսին Փոլ Ջոբսը` 1993-ին: