Apple-ի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը
09:49 | 24.10.11 | Նորություններ | 2262
Երեւան/Մեդիամաքս/. Apple-ի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսն ասում էր, որ ուզում է «ոչնչացնել» Google օպերացիոն համակարգը եւ այդ նպատակի համար պատրաստ է սպառել իր ընկերության ողջ միջոցներն ու մնացած ուժերը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին գրում է Ջոբսի պաշտոնական կենսագիր Ուոլթեր Այզեքսոնը:
Այսօր ԱՄՆ-ում կմեկնարկի Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գրքի վաճառքը:
Կենսագրության մեջբերումներից մեկի համաձայն, Ջոբսը հայտարարել էր. «Ես կոչնչացնեմ Android-ը, քանի որ դա գողացված ապրանք է: Ես միջուկային պատերազմ կհայտարարեմ նրանց»:
«Ես կսպառեմ ունեցած ողջ ուժերս եւ Apple-ի 40 միլիարդները` այս անարդարությունը շտկելու համար», - ասվում է մեկ այլ մեջբերման մեջ:
Նախքան Android-ի հայտնվելը` Apple-ն ու Google-ը գործընկերներ էին: Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը (այժմ Google-ի տնօրենների խորհրդի նախագահը) այն ժամանակ ընդգրկված էր Apple-ի տնօրենների խորհրդում:
Ընկերությունների միջեւ հարաբերությունները փոխվեցին 2007-ի նոյեմբերին, երբ Google-ը ներկայացրեց Android-ը: Հետագա տարիներին Apple-ը հրաժարվեց Google-ի կողմից մշակված մի շարք հավելումներից` փոխարինելով դրանք իր սեփական ծրագրերով:
Մինչ այդ, Google-ի օպերացիոն համակարգը շարունակում էր ճանաչում ձեռք բերել: Այժմ Android-ի բաժին է ընկնում սմարթֆոնների համաշխարհային շուկայի 48%-ը, իսկ Apple-ի iOS-ին` 19%-ը: