10:08 | 20.10.11 | Նորություններ | exclusive 7104

Կոռնետ ինտերնետ-պրովայդերի ապագան հարցականի տակ է

Երեւան: Մեդիամաքս: Կոռնետ-ԱՄ ընկերությունը բաժնետերերի որոշմամբ ս.թ. նոյեմբերի 1-ից այլեւս չի մատուցելու WiMAX տեխնոլոգիայով ինտերնետ-ծառայություններ, Մեդիամաքս-ին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանը:

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է ընկերության հայտը՝ իրեն շահագործման հանձնված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունները ուժը կորցրած ճանաչելու մասին:

Ընդ որում, ըստ ընկերության ղեկավարի, WiMAX տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման հաշվին ապահովվում է ընկերության եկամուտների 95%-ը:

Ինչ գործունեությամբ է զբաղվելու ընկերությունը հետագայում եւ գործելու է այն արդյոք, Բորիս Դեմիրխանյանի խոսքերով, կախված կլինի բաժնետերերի որոշումից:

Կոռնետ-ԱՄ-ի բաժնետեր ռուսաստանյան Կոմստառ-ՕՏՍ ընկերությունը ս.թ. ապրիլի 1-ին վերակազմավորվել է՝ միաձուլվելով «ՄՏՍ» ԲԲԸ-ի հետ, որն իր հերթին հայաստանյան բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժնետերն է:

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, նույն սցենարով Կոռնետ-ը կմիաձուլվի ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո քարտուղար Վահե Իսահակյանը, պատասխանելով Մեդիամաքս-ի հարցմանը, տեղեկացրել է, որ “Կոռնետ ընկերության բաժանորդներին, որոնք օգտվում էին WiMax ծառայությունից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կմատուցվեն 3G ծառայություններ”:

Նախորդ տարի Կոռնետ-ԱՄ-ը պատրաստվում էր մուտք գործել ֆիքսված հեռախոսակապի շուկա եւ ձեռք էր բերել համապատասխան լիցենզիա: 2010թ. նոյեմբերին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Կոռնետ-ի ղեկավարն ասել էր, որ ընկերությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մշակում է միասնական ծառայությունների, այդ թվում` նաեւ ֆիքսված հեռախոսակապի տրամադրման հայեցակարգը: