12:59 | 19.10.11 | Նորություններ | 3186
Երեւան: Մեդիամաքս: 2012 թվականի հունվարի 1-ից կգործարկվեն ԱրմենՏել-ի ֆիքսված կապի այլընտրանքային սակագնային փաթեթները, որոնք կկիրառվեն գործող սակագնային փաթեթներին զուգահեռ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատել է ընկերության կողմից առաջարկված սակագնային փաթեթները:
Փաթեթները ենթադրում են 2 նոր տարբերակ ֆիզիկական անձ բաժանորդների համար եւ 1 նոր տարբերակ իրավաբանական անձ բաժանորդների համար:
Ֆիզանձանց համար առաջին փաթեթը ենթադրում է ներկայումս գործող 1100 դրամ ամսական բաժանորդային վարձի պայմաններում նվազեցնել անվճար տեղական ներցանցային րոպեների քանակը 360-ից մինչեւ 260, սակայն փոխարենը 2 անգամ էժանացնել միջքաղաքային ներցանցային զանգերի սակագինը՝ դարձնելով այն 10 դրամ/րոպե: Անվճար րոպեների սպառումից հետո տեղական ներցանցային զանգերը կարժենան 7 դրամ/րոպե (5-ի փոխարեն):
Ֆիզանձանց համար նախատեսված երկրորդ փաթեթը ենթադրում է 4000 դրամ ամսական բաժանորդային վարձ, փոխարենը՝ 600 անվճար րոպե
տեղական և միջքաղաքային ներցանցային զանգերի համար: Իսկ տեղական և միջքաղաքային ներցանցային զանգերը 601-րդ րոպեից սկսած կարժենան 7 դրամ/րոպե:
Իրավաբանական անձ բաժանորդներին նախատեսվում է առաջարկել ներկայիս 4800 դրամ ամսական բաժանորդավճարի եւ անվճար տեղական ներցանցային 360 րոպեների պահպանման պարագայում թանկացնել 361-րդ րոպեից սկսած ներցանցային զանգերը 5-ից 7 դրամ/րոպե, փոխարենը՝ իջեցնել միջքաղաքային ներցանցային զանգերի գինը 24-ից մինչեւ 15 դրամ/րոպե:
Բոլոր առաջարկներում պահպանված են ներկայումս գործող դեպի ՀՀ բջջային ցանցեր (36 դրամ/րոպե) եւ դեպի ՀՀ այլ ամրակցված ցանցեր տեղական զանգերի (7 դրամ/րոպե) սակագները:
Այլընտրանքային սակագնային փաթեթները կարող են կիրառվել միայն բաժանորդի ցանկությամբ՝ վերջինիս գրավոր դիմումի հիման վրա:
Ինչպես այսօր ՀԾԿՀ նիստում նշել է Արմենտել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, նոր սակագնային առաջարկները թելադրված են ֆիքսված հեռախոսակապի շուկայում մրցակցության սրմամբ, որտեղ Արմենտելը մինչեւ ոչ վաղ անցյալը միակ խաղացողն էր:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ողջունել է ֆիքսված կապի ոլորտում այլընտրանքային փաթեթների ներդրումը, նշելով, որ նոր առաջարկները առավելապես հետաքրքիր կլինեն մարզերի այլ բնակիչների համար, որոնք հաճախակի կատարում են միջքաղաքային զանգեր:
Հայաստանի ֆիքսված կապի օպերատորների գործող սակագնային առաջարկներին կարելի է ծանոթանալ այստեղ: