XO նոթբուք
11:43 | 18.10.11 | Նորություններ | exclusive 1090
Երեւան: Մեդիամաքս: Ընթացիկ ուսումնական տարվանից ԼՂՀ դպրոցներում կգործարկվի նոր կրթական ծրագիրը, որն ավելի հայտնի է ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) անվանումով:
Ծրագիրը կմեկնարկի Ստեփանակերտից եւ Շուշիից` տարրական դասարանի աշակերտներին XO կարգի նոթբուքների տրամադրմամբ:
ՆՈՒՌ ծրագիրն իրականացվում է “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամի կողմից` Հայ բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ աջակցությամբ` հունվարին ԼՂՀ վարչապետի ու արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, եւ խոստանում է լինել խոշորագույնը կրթության բնագավառում իրականացված ծրագրերից:
Այն իրականացվում է OLPC (Համակարգիչ-յուրաքանչյուր աշակերտին) ծրագրի շրջանակներում, որը հաջողությամբ իրագործվում է աշխարհի զարգացող մի շարք երկրներում:
Ծրագիրը կրում է նաեւ սոցիալական ուղղվածություն, քանզի անապահով ընտանիքների երեխաներին եւս համակարգիչներ տրամադրվեն: 2011թ. ամռանը ԼՂՀ-ում ընթացել են նախապատրաստական աշխատանքները, քննարկվել եւ վերլուծվել են հնարավոր խնդիրները: Խորհրդակցություններ, հանդիպումներ են անցկացվել ուսուցչական անձնակազմի, դպրոցների տնօրենների հետ:
Ըստ ծրագրի հեղինակների, որոշակի խնդիրներ կան կապված ուսուցիչների` տվյալ մեթոդով դասապրոցեսները կազմակերպել չցանկանալու կամ ի վիճակի չլինելու հետ: Այս մասին խոսելով՝ ՀԲԸՄ ԼՂՀ գրասենյակի պատասխանատու Սասուն Բաղդասարյանը նշել է, որ համակարգիչներն օժանդակ սարք են լինելու, եւ եթե ուսուցիչը նախապատվությունը տալիս է ավանդական ձեւին, կարող է այդպես դասավանդել:
Այն հարցին, թե ինչպես է լուծվելու համակարգչին ընդհանրապես չտիրապետող ուսուցիչների խնդիրը, Սասուն Բաղդասարյանը պատասխանել է. «Չեմ կարծում, թե դա լուրջ խնդիր կլինի: Եթե այդ համակարգիչները նախատեսված են կրտսեր դպրոցական տարիքի համար, ուրեմն այնտեղ շատ պարզ ծրագրեր են դրված, որոնք հեշտությամբ կարող են ուսանել նաեւ ուսուցիչները: Ամեն դեպքում, դպրոցից ընտրվել են կադրեր, որոնք պատրաստվել եւ ընդգրկվելու են ուսուցման հետագա պրոցեսում»:
Ի դեպ, ծրագրի հաջող մեկնարկի դեպքում այն շարունակություն կունենա նաեւ շրջաններում եւ պատրաստված կադրերի ներուժը կօգտագործվի այնտեղ:
Ըստ ԼՂՀ կրթության նախարարության տվյալների, սկզբնական փուլում ծրագրից օգտվող աշակերտների թիվը 3600 է: 160 դասվար արդեն անցել են 3-շաբաթյա դասընթացներ, որոնք վարել են արտերկրից հրավիրված մասնագետներ: Նախաձեռնող խմբի իրազեկմամբ, դասվարները 6 շաբաթ եւս կմասնակցեն վիրտուալ կուրսերի` կիրառվելիք տարբեր ծրագրերի նորարարությունները ընկալելու նպատակով:
ԼՂՀ կառավարությունը հանձն է առել դասասենյակներն անլար ինտերնետային կապով ապահովելու խնդիրը, ինչը ծրագրի հաջողության գլխավոր գրավականներից մեկն է: Համակարգիչները տրամադրվելու են միանվագ, եւ այն փչացնելու կամ կորցնելու դեպքում երկրորդը չի տրամադրվելու: Տվյալ դեպքերում աշակերտը ստիպված կլինի վճարել նոր համակարգիչ ձեռք բերելու համար:
Ըստ Սասուն Բաղդասարյանի, համակարգիչները դպրոցական գույք հանդիսանալ չեն կարող, դրանք աշակերտի սեփականությունն են: Սակայն հարկ է նշել, որ սարքը կոդավորված է այնպես, որ շաբաթը առնվազն 1-2 անգամ պետք է մուտք գործի դպրոց, հակառակ դեպքում կդադարի աշխատել, ինչը որոշակի չափով կառավարելի է դարձնելու համակարգչի նպատակային օգտագործումը: Այս կերպ փորձ է արվել բացառել դրանց վաճառքը, գողանալը եւ այլն:
Համակարգիչների ծրագրային ապահովումն ուսուցողական բնույթի է: Ուսուցումն իրականացվելու է խաղի ձեւով եւ հետաքրքիր ու մատչելի է լինելու աշակերտի համար: Այդ ծրագրերն արդեն իսկ թարգմանվել են հայերեն: Հայերեն են լինելու նաեւ համակարգչի բոլոր հրահանգները: Սարքն արտաքին տեսքով էլ չափազանց գրավիչ է եւ պետք է, որ դուր գա երեխաներին:
Ծրագրի վերաբերյալ մանկավարժների ու ծնողների կարծիքները միանշանակ չեն. որոշ ծնողներ որպես ծրագրի դրական կողմ տեսնում են միայն համակարգչի` որպես ապրանքի ձեռքբերումը, մյուսներն էլ այն կարծիքին են, որ այն լրացուցիչ բեռ է աշակերտի առողջությանը` առանց այդ էլ բարդ դպրոցական ծրագրերի պարագայում: Մանկավարժներից շատերի կարծիքով, դրանք արդյունավետ են, քանի որ կգործարկվեն համալիր ուսուցման շրջանակներում:
ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի խոսքով, սկզբնական շրջանում դժգոհություններ եղել են հիմնականում 40-50-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչների կողմից` կապված նոր տեխնոլոգիաներին չտիրապետելու հետ: “Բայց երբ սկսել է երեւալ արդյունքը, չկարողանալու մտավախությունն էլ հետն է անցել”,- ասել է նախարարը:
Սրբուհի Վանյան` Ստեփանակերտից հատուկ Մեդիամաքս-ի համար