17:58 | 06.10.11 | Նորություններ | 2708

Intel, HP, CISCO եւ Microsoft ընկերությունների թոփ-մենեջերները կայցելեն Երեւան՝ մասնակցելու «ԱրմԹեք 2011» համաժողովին

Երեւան/Մեդիամաքս/. Ամենամյա տեխնոլոգիական «ԱրմԹեք Կոնգրես 2011» համաժողովը կանցնի Երեւանում հոկտեմբերի 10-11-ին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, միջոցառման կազմակերպիչ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ այս տարի համաժողովի ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հետագա դինամիկ զարգացման ապահովումը եւ ՏՀՏ ոլորտում բարձրագույն կրթության որակի բարձրացումը:

Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ Համաժողովին ելույթներով հանդես կգան պետական եւ մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներից, ինչպես  նաեւ խոշոր անդրազգային այնպիսի կորպորացիաների թոփ-մենեջերներ, ինչպիսիք են Intel-ը, Hewlett Packard-ը, CISCO-ն, Microsoft-ը, DLink-ը, National Instruments-ը, Synopsys-ը եւ Mentor Graphics-ը:

Ասուլիսին ներկա Սինոփսիս Արմենիա եւ Վիասֆեր Տեխնոպարկ ընկերությունների  ղեկավարներ Հովիկ Մուսայելյանը եւ Թոնի Մորոնյանը, որոնք եւս աջակցում են համաժողովի կազմակերպմանը, համոզմունք հայտնեցին, որ այն կնպաստի Հայաստանի ՏՏ ոլորտում միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ թույլ կտա հայտնաբերել ներդրումային նոր հնարավորություններ:

Համաժողովի աջակիցներն են ՀՀ կառավարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Սինոփսիս Արմենիա-ն, Վիասֆեր Տեխնոպարկը, Զարգացման հայկական գործակալությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Յունիքոմփ ընկերությունը: Համաժողովի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: