11:54 | 20.09.11 | Նորություններ | 2775

Google-ը գործարկել է սմարթֆոնների օգնությամբ գնումների վճարման ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/.Google-ը պաշտոնապես գործարկել է բջջային վճարումների Google Wallet նոր ծառայությունը:

Google Wallet-ը բջջային հավելված է, որի օգնությամբ կարելի է սմարթֆոնների միջոցով վճարումներ կատարել խանութում կատարված գնումների համար` Near Field Communication (NFC) ոչ կոնտակտային տեխնոլոգիայի միջոցով:

Առայժմ Google Wallet-ն աշխատում է միայն ԱՄՆ-ում, հաղորդում է Cnews-ը: Հավելումից կարելի է օգտվել MasterCard PayPass վճարային տերմինալներ ունեցող առեւտրային կետերում, որոնց թիվը ԱՄՆ-ում ավելի քան 150 հազար է: Վճարում կատարելու համար Google Wallet հավելմամբ սմարթֆոնը մոտեցնում են տերմինալին, որից հետո մուտքագրվում է PIN-կոդը, եւ գնումների համար նախատեսված գումարը դուրս է գրվում վարկային քարտից: Վճարային քարտի միացումը Google Wallet ծառայությանը իրականացվում է անմիջապես հավելվածի մեջ:

Գործարկման պահից Google Wallet-ն օժանդակում է միայն երկու տեսակի քարտերի` Citi բանկի MasterCard-ի եւ վիզուալ Google Prepaid Card-ի միջոցով, որոնց մնացորդը կարող է լրացվել ցանկացած պլաստիկ քարտով: Ապագայում Google-ի ներկայացուցիչներն օժանդակություն են խոստանում նաեւ Visa, American Express եւ Discover քարտերի համար:

Ինչպես նշում են փորձագետները, գործարկումից հետո Google Wallet հավելվածի տարածումը սահմանափակ կլինի. ծրագիրը հասանելի կլինի միայն Android օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող Nexus S 4G սմարթֆոնների համար, որոնք միացված կլինեն Sprint բջջային օպերատորին: Ապագայում նախատեսվում է օժանդակությունը ընդլայնել նաեւ NFC չիպով այլ սմարթֆոնների համար:

Հավելումը ներկայացնելուց անմիջապես հետո Google-ի դեմ դատական հայտ է  ներկայացրել eBay-ին պատկանող PayPal վճարային ծառայությունը: PayPal-ում պնդում են, որ Google Wallet-ում Google ընկերությունը իրականացրել է իրենց գաղափարները: