11:01 | 20.09.11 | Նորություններ | 1905

Samsung-ն ուզում է արգելել Apple-ի նոր iPhone-ի վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/.Samsung-ը նախատեսում է դատական հայտ ներկայացնել, որի նպատակն է արգելել Apple iPhone-ի նոր մոդելի վաճառքը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրները:

Apple-ի կողմից պլագիատի մեղադրանքով երկարատեւ դատավարություններից հետո նման քայլը կարող է պատասխան հարված լինել, նշում է РБК-ն:

Apple-ը կորեական ընկերությանը մեղադրում էր iPhone-ի եւ iPad-ի օրինակով հեռախոսների եւ պլանշետների արտաքին տեսքի հավանական պատճենահանման համար: Հեղինակային եւ արտոնագրային իրավունքների խախտման վերաբերյալ Apple-ի հայտի համաձայն, օգոստոսի սկզբին Դյուսելդորֆի դատարանը որոշում էր կայացրել ամբողջությամբ արգելելու Galaxy Tab 10.1-ի վաճառքը Եվրամիության տարածքում, սակայն ավելի ուշ պարզվեց, որ վաճառքի սահմանափակումը ողջ ԵՄ-ի տարածքում մարմնի լիազորություններից դուրս է, եւ արգելքը տարածվեց միայն Գերմանիայի վրա:

Samsung-ի ներկայացուցիչները խոստացել էին պատասխան գործողություններ ձեռնարկել եւ, նախնական տվյալներով, հարվածի տակ կարող է լինել iPhone-ի նոր մոդելը, որի թողարկմանը Apple-ը ավելի քան մեկ տարի նախապատրաստվել է:

Նոր արտադրանքը մեծ նշանակություն ունի սմարթֆոնների առաջատար արտադրողի համար. դրա շնորհիվ ամերիկյան ընկերությունը հույս ունի պահպանել վաճառքի բարձր տեմպերը, որոնց սպառնում է Samsung-ի տարածումը: