12:00 | 31.08.11 | Նորություններ | 2178

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ամփոփել է “Գարնանային ներշնչանք 2011” նախագծի արդյունքները

Երեւան: Մեդիամաքս:“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունն ամփոփել է Հայաստանի մշակույթի տների եւ արվեստների ու արհեստների դպրոցների մասնակցությամբ անցկացված “Գարնանային ներշնչանք 2011” նախագծի արդյունքները:


Ծրագրին մասնակցել են 3000 աշակերտներ եւ ուսուցիչներ` Հայաստանի մարզերը եւ Երեւանը ներկայացնող մոտ 100 դպրոցից:

Փակման արարողությունը օգոստոսի 30-ին տեղի է ունեցել հաղթող կրթօջախներից մեկում` Մեծամորի մշակույթի տանը, որտեղ հյուրընկալվել էր ավելի քան 700 աշակերտներ եւ մանկավարժներ մարզերից եւ Երեւանից:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առավել հաջող աշխատանքներ ներկայացրած հաղթող դպրոցներին եւ մշակույթի տներին հանձնեց շնորհակալագրեր:

“Երեխաների, հատկապես հեռավոր շրջաններում բնակվողների, ստեղծագործական մղումները խրախուսելով, մենք պահպանում ենք մեր ինքնությունը, քանի որ արվեստի հետ հաղորդակցվելու շնորհիվ երիտասարդ սերնդին է փոխանցվում նաեւ մեր մշակույթը: Մենք չենք կարող անտարբեր լինել այն անհանգստացնող երեւույթի հանդեպ, որ մեր երիտասարդներից շատերը կանգնած են սեփական մշակութային ժառանգությունը մոռացության մատնելու շեմին”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Հաղթողներին հանձնված մրցանակների թվում էին համակարգիչներ, երաժշտական գործիքներ, հնչյունային սարքավորումներ եւ կահույք: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերել մի քանի կրթօջախների` թատերական հանդերձանք ձեռք բերելու եւ շենքային պայմանները բարելավելու հարցում: