12:17 | 20.08.11 | Նորություններ | 2070

HP-ն դադարեցնում է iPhone-ի եւ iPad-ի «մարդասպանների» թողարկումը

Երեւան/Մեդիամաքս/. HP ընկերությունը պաշտոնապես հայտարարել է webOS օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող սմարթֆոնների եւ պլանշետների արտադրությունը դադարեցնելու մասին: Սակայն HP-ն մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել webOS-ից եւ, ըստ ամենայնի, այդ օպերացիոն համակարգի /ՕՀ/ լիցենզիան կտրամադրի այլ ընկերություններին:

Համակարգիչների թողարկումը 1-1,5 տարվա ընթացքում HP-ն կդարձնի առանձին ընկերություն:

Ինչպես հաղորդում է cnews.ru-ն, WebOS-ի դադարեցման պատճառը նախ եւ առաջ HP TouchPad պլանշետի եւ Palm Pre սմարթֆոնների վաճառքի ձախողումն է:
Միաժամանակ НР-ն հայտարարել է HP-ում համակարգիչների մշակմամբ եւ թողարկմամբ զբաղվող Personal Systems Group (PSG)-ի ստորաբաժանումը առանձին ընկերություն դարձնելու մտադրության մասին: Դրա նպատակն է` բարելավել ֆինանսական ցուցանիշները. չնայած HP-ն համակարգիչների աշխարհի խոշորագույն արտադրողն է, նրա եկամուտները այս ուղղությամբ չեն աճում: 1–1,5 տարվա ընթացքում ընկերությունը կարող է հրաժարվել համակարգիչների բիզնեսից:

WebOS-ը HP-ի սեփականություն է դարձել 2010-ի ապրիլի 29-ին` սմարթֆոններ արտադրող Palm ընկերությունը գնելուց հետո: Գործարքի գինը կազմել է $1,4 մլրդ: Դրան նախորդել են բանակցությունների մի քանի փուլեր 16 ընկերությունների միջեւ, որոնք հավակնում էին ձեռք բերել ամերիկյան արտադրողի անկայուն բիզնեսը:

Ինչպես նշում են փորձագետները, webOS-ի հիման վրա աշխատող սարքերի արտադրությունը դադարեցնելու մասին HP-ի որոշումը մեծ հարված կլինի այս օպերացիոն համակարգի համար, որը շատ երկրպագուներ ունի եւ ծրագրային ապահովման որակի տեսակետից Android-ի եւ iOS-ի արժանի մրցակիցն է:

Հրաժարվելով բջջային սարքերից եւ համակարգիչներից` НР-ն կարող է կենտրոնանալ կորպորատիվ ծրագրային ապահովման արտադրության եւ համապատասխան ծառայություններ տրամադրելու վրա: Այդ նպատակով նա $10,3 մլրդ-ով ձեռք է բերել Autonomy ընկերությունը:  Autonomy-ն զբաղվում է որոնման համակարգերի, տվյալների վերլուծության համար ծրագրային ապահովումների եւ տվյալների կառավարումի մշակմամբ: Ընկերությունը աշխարհում ունի շուրջ 25 հազ. պատվիրատու: