16:30 | 19.08.11 | Նորություններ | 3263

2011 թ-ից Հայաստանում կարտադրվեն հելիոտեխնիկական սարքավորումներ

Երեւան: Մեդիամաքս: Սպիտակ քաղաքում մինչեւ տարեվերջ նախատեսվում է գործարկել Հայաստանում առաջին հելիոտեխնիկական սարքավորումներ արտադրող գործարանը, որի արտադրանքը նախագծվել է հայ գիտնականների կողմից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նախագծի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը տեղեկացրել է, որ արտադրությունը կազմակերպելու համար պահանջվում էին $8 մլն-ի ներդրումներ, որոնք գործարանի կապիտալում բաժնեմասնակցության տեսքով համաձայնվել է տրամադրել “Կանաչ խաչ” միջազգային բնապահպանական կազմակերպությունը:

Վահան Համազասպյանը տեղեկացրել է, որ հուլիսի 13-ին նախագիծը ներկայացվել է “Կանաչ խաչ” կազմակերպության հիմնադիր, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին եւ արժանացել նրա հավանությանը:

Գիտնականի խոսքերով, գործարանը սկզբնական շրջանում կարտադրի 2 տեսակի հելիոսարքեր` 3-5 կՎտ եւ 32-65 կՎտ ջերմային հզորությամբ: «Առաջինը կբավարարի 1 տնային տնտեսության տաք ջրի պահանջարկը, իսկ երկրորդը կապահովի 300 ք.մ. մակերեսով տարածքի ջեռուցում»,- ասել է Վահան Համազասպյանը, հավելելով, որ 32-65 կՎտ ջերմային հզորությամբ սարքերը նախատեսված են գյուղացիական տնտեսությունների համար:

Նրա խոսքերով, սարքերի արժեքը կկազմի $80-100` 1 կՎտ/ժամ հզորության համար, ինչը նշանակում է, որ, օրինակ, 5 կՎտ հզորությամբ սարքը կարժենա $400-500, իսկ 32 կՎտ հզորությամբ սարքը՝ $2560-3200: Գիտնականն ասում է, որ հայկական գործարանի արտադրանքը կլինի ամենաէժան ջերմային էներգիա ստանալու աղբյուրը, նշելով, որ արեւային ջրատաքացուցիչների միջազգային գներն այսօր $500-1000 են` 1 կՎտ/ժ-ի դիմաց:  

«50 տարվա կյանք ունեցող սարքերի պարագայում 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արժեքը կկազմի 0.2 լումա, մինչդեռ գազի գինն այսօր 1 կՎտ/ժ էներգիայի հաշվարկով 16 դրամ է: Սարքերն անվճար էներգիայի աղբյուր են, վճարել պետք է միայն դրանց ձեռքբերման համար»,- ասել է գիտնականը:
 
Նախատեսվում է, որ գործարանն օրեկան կարտադրի շուրջ $0,5 մլն ընդհանուր արժողությամբ 1000 կոմպլեկտ սարքավորում եւ կկարողանա բավարարել Հայաստանի եւ Արցախի գյուղացիական բոլոր տնտեսությունների պահանջարկը (շուրջ 350 հազ. գյուղացիական տնտեսություն):

Այս համատեքստում գիտնականը կարեւորել է կառավարության կողմից հելիոֆիկացիայի հայեցակարգի ընդունումը եւ Հայաստանում ոլորտի զարգացման խթանումը: «Հելիոֆիկացիան կլուծի Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրը, քանի որ բնակչությունը արտակարգ իրավիճակներում կունենա այլընտրանքային էներգիայի աղբյուր», - ասել է Վահան Համազասպյանը: