11:45 | 20.07.11 | Նորություններ | 3633

Մինչեւ տարեվերջ ինտերնետի հասանելիության ցուցանիշը Հայաստանի դպրոցներում պետք է հասցվի 98%-ի

Երեւան:Մեդիամաքս: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի “Դասարան անիվների վրա” նախաձեռնությունը նպատակ ունի քարոզել մեդիակրթությունը Հայաստանի մարզերում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` նշելով, որ իրենք նպատակ ունեն փոխանցել իրենց փորձը “ Նոթբուքն ինձ դասընկեր” ծրագրի շրջանակներում:

Նրա խոսքերով, մարզերի ուսուցիչներին եւ աշակերտներին ծրագրի մեջ ներգրավվելը հնարավորություն կտա մեդիակրթության բովանդակությունը լրացնել նոր հայրենագիտությամբ եւ նոր կապեր հաստատել կրթական փոխանակումների համար:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ ասել է, որ կրթահամալիրը ծրագրի միջոցով տարածում է “նոր հեղափոխական գաղափար”:

“Հանրակրթության որակի բարձրացման գերակա ուղղություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը դպրոցներում: Եթե 2009-ին մեկ համակարգչից օգտվում էր 36 աշակերտ, ապա այսօր մեկ համակարգչից օգտվում է 22 երեխա: Ցուցանիշը բարելավվել է: Մինչեւ տարեվերջ դպրոցների համար ինտերնետի  65% ծածկույթ ցուցանիշը պետք է հասցնենք 98%-ի”,-ասել է կրթության նախարարը` հավելելով, որ դա կնպաստի հայալեզու կրթական բովանդակության հարստացմանը:

“Դասարան անիվների վրա” նախագիծն անցնելու է Երեւան-Եղեգնաձոր-Գորիս-Ստեփանակերտ-Ասկերան-Ամարաս-Գանձասար-Տաթեւ-Նորավանք երթուղով: