16:03 | 19.07.11 | Նորություններ | 1019

Grir.am կայքը կօգնի նրանց, ով ուզում է հրաժարվել «տրանսլիտից»

Երեւան: Մեդիամաքս: Սոցիալական ցանցերում եւ ֆորումներում հայտնի իրողություն է, երբ հայալեզու օգտագործողները մուտքագրում են իրենց տեքստերը voch te hayatar, ayl latinatar translitov:)

Հաճախ օգտագործողները վարվում են այդպես ոչ թե այն պատճառով, որ չգիտեն, թե ինչպես մուտքագրել տեքստը հայերեն, այլ փորձում են ժամանակ խնայել եւ չփնտրել, թե որ տառին է համապատասխանում այս կամ այն ստեղնը:

Հենց նրանց համար էլ նախատեսված է վերջերս համացանցում հայտնված www.Grir.am վեբկայքը, որը խաղային եղանակով օգնում է վարժվել հայերեն տեքստեր հավաքելու գործում:

Կայքն առաջարկում է սահմանափակ ժամանակահատվածում հավաքել տարբեր տեքստեր, որից հետո հայտնում է օգտագործողին, թե ինչ արագությամբ (բառ/րոպե) է նա գրում:

Նախագծի հեղինակներն են ծրագրավորողներ Գեւորգ Հարությունյանը, Սուրեն Կարապետյանը, Գոռ Գասպարյանը:

Մեդիամաքսի-ի հետ հարցազրույցում Գեւորգ Հարությունյանը պատմել է, կայքը պատրաստելու միտքն ծագել է այն ժամանակ, երբ մի անգամ ընկերական զրույցի ընթացքում շոշափվեց տրանսլիտով գրող շատ հայերի թեման:

«Բոլորը համաձայնեցին, որ եթե օգտագործողները կարողանան հայերեն արագ գրել, նրանք կնախընտրեն գեղեցիկ, հայատառ հայերենը», - ասում է Գեւորգը:

Ըստ նրա, համակարգում այժմ ներմուծված է 100 հայատառ տեքստ. 30-ը՝ Ալբերտ Քամյուի «Անկում» եւ 70-ը՝ Ակսել Բակունցի «Մթնաձոր» ստեղծագործություններից:

Գեւորգն ընդունել է, որ տեքստերից մի քանիսը տառասխալներ են պարունակում եւ ասել է, որ շուտով կայքը կթարմացվի նոր եւ ավելի որակյալ տեքստերով:

Կայքի մեկ շաբաթվա գոյության ընթացքում օգտագործման ամենալավ արդյունքը եղել է 60 բառ/րոպե-ն, որը ցուցադրել է Տիգրան անունով այցելուն:

Ի դեպ, տեքստերը հավաքելիս պատահում են դժվարություններ՝ կապված, մասնավորապես, «եւ» տառը գրելու (լեզվի պետական տեսչությունը պահանջում է գրել «եւ») եւ չակերտների հետ, որոնք պետք է անպայման եղեւնու նման («») լինեն:

Անդրադառնալով Մեդիամաքս-ի այս նկատառմանը, Գեւորգ Հարությունյանն ասել է, որ նախատեսվում է տեքստերը խմբագրել համակարգ ներմուծելուց առաջ եւ տալ նրանց ընդհանուր տեսք՝ հաշվի առնելով լեզվի պետական տեսչության պահանջները: Տեքստերը մուտքագրելիս որոշակի դժվարություններ են առաջանում նաեւ կետադրական նշանների հետ, եւ կայքը ստեղծողները ստիպված թույլ են տալիս օգտագործել տարբեր տառային կոդավորումներին համապատասխանող կետադրական նշաններ:

Գեւորգ Հարությունյանը նշում է նաեւ, որ ապագայում կայքը նախատեսվում է դարձնել եկամտաբեր եւ զարգացնել նախագիծը՝ հիմնվելով օգտագործողների առաջարկների վրա: