16:10 | 07.07.11 | Նորություններ | 2096

    iPhone 5-ն ավելի թեթեւ ու բարակ կլինի

    Երեւան/Մեդիամաքս/. Apple-ը iPhone-ի նոր մոդելը կթողարկի սեպտեմբերի վերջին եւ արդեն դրա հիմնական բաղադրիչների արտադրությունն է պատվիրել, գրում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրները:  

    Տվյալ աղբյուրների խոսքերով, նոր iPhone-ը բավականաչափ նման կլինի iPhone 4-ին, սակայն ավելի թեթեւ եւ բարակ կլինի: Բացի այդ, նոր մոդելը 8 մեգապիքսել հզորությամբ կատարելագործված տեսախցիկ կունենա:   

    Վերլուծաբանները նշում են, որ iPhone-ի նոր մոդելի թողարկման մասին հայտարարության շուրջ հետաքրքրությունն աճեց այն բանից հետո, երբ ընկերությունն որոշեց չներկայացնել այն հունիսին կայանալիք WWDC ծրագրավորողների իր ամենամյա կոնֆերանսին, ինչպես նախկինում:  

    Ինչպես միշտ, Apple-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանում նոր մոդելի գործարկման մասին ասեկոսեները:

    2007 թվականին առաջին iPhone-ի թողարկումից հետո Apple-ն ավելի քան 108 մլն սմարթֆոն է վաճառել:  

    iPhone-ի վաճառքները ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել են ընկերության ամբողջ եկամուտի մոտ կեսը, նշում է Cnews-ը: