15:01 | 04.06.11 | Նորություններ | 1179

    Մեկնարկել է ՏՏ ոլորտի BarCamp-2011 (չ)կոնֆերանսը

    Երեւան: Մեդիամաքս: Այսօր մեկնարկել է ՏՏ ոլորտի BarCamp-2011 ոչ պաշտոնական կոնֆերանսը, կամ ինչպես այն անվանում են կազմակերպիչները`(չ)կոնֆերանսը:

    Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում BarCamp-ի նախաձեռնող խմբի անդամ Գեղամ Վարդանյանն ասաց, որ Հայաստանում երրորդ անգամ անցկացվող այս հավաքին մասնակցում են ինտերնետ-հանրության ներկայացուցիչներ`բլոգերներ, լրագրողներ, ծրագրավորվողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվ ներկայացուցիչներ:

    «BarCamp-ի գլխավոր առանձնահատկությունը ժողովրդավարական ձեւաչափն է. այն չունի օրակարգ, տեղում է ձեւավորվում: Մասնակիցները տարբեր սրահներում կիսվում են իրենց նորարարական գաղափարներով, եթե հետաքրքրական է` ունկնդրում են, եթե ոչ`տեղափոխվում այլ սրահ»,- ասաց նախաձեռնոց խմբի անդամը:

    Նրա խոսքերով, այս տարվա BarCamp-ի առանձնահատկություններից են աշխատանքային տոնավաճառի անցկացումը ՏՏ ոլորտի մասնագետների համար եւ արտերկրից ժամանած հյուրերի սեմինարները:

    BarCamp-2011-ի ընթացքում «Ժամանակակից վեբ-ստանդարտների մոգությունը» զեկույցով հանդես եկավ Opera Software-ի ներկայացուցիչ Չարլզ ՄքՔեթիՆեւիլը, ով ներկայացրեց HTML, CSS եւ Java բաց վեբ-ստանդարտների օգտագործումը վեբ-նախագծերի ստեղծման ժամանակ:

    BarCamp-2011-ի ընթացքում նաեւ ելույթ ունեցավ BBC հեռուստաընկերության լրագրող Փունի Ժոդոսին, ով ներկայացրեց սոցիալական մեդիայի ազդեցությունը ժամանակակից լրագրության վրա:
    «ԲարՔեմփ Երեւան 2011»-ի հովանավորներն ու աջակիցներ են Բիլայնը, Ինտերնյուսը՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում, Օպերա Սոֆթվերը, Դիմ Քոմունիքեյշնսը եւ ՊանԱրմենիան․նեթը:

    ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու ձեւաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Սիլիքոն Վելլեյում, եւ հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։