15:46 | 17.05.11 | Նորություններ | 3398

Imagine Cup 2011-ի ազգային փուլի եզրափակչի մասնակիցները մրցանակներ ստացան «ԱրմենՏել»-ից

Երեւան: Մեդիամաքս: Imagine Cup 2011 (Երեւակայության գավաթ) տեխնոլոգիական մրցույթի ազգային փուլի եզրափակչի մասնակիցները այցելել են «ԱրմենՏել» եւ ծանոթացել օպերատորի աշխատանքին:

«ԱրմենՏել»-ը Հայաստանում մրցույթի գլխավոր հովանավորն է:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, եզրափակչի մասնակիցները հանդիպել են «ԱրմենՏել»-ի ղեկավարությանը, ստորաբաժանումների ղեկավարներին, ովքեր պատմել են կապի օպերատորի աշխատանքի մասին: Թիմերը նվեր են ստացել նեթբուքեր եւ հուշանվերներ:

«Microsoft-ի հայաստանյան գրասենյակի եւ «ԱրմենՏել» ընկերության համագործակցությունը կարելի է համարել ռազմավարական: Մեր արդյունավետ համագործակցությունը, այդ թվում այս ծրագրի շրջանակներում, շարունակվում է ոչ առաջին տարին, եւ ես ցանկանում եմ նշել, որ սա մի վառ օրինակ է, թե ինչպես են բիզնեսի սոցիալական պատասխանատվության ծրագրերը նպաստում երիտասարդ սերնդի զարգացմանը», - ասել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

«Շատ ուրախ ենք «ԱրմենՏել»-ի հարկի ներքո ողջունել երիտասարդ սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներին` տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության բնագավառի մենեջերներին: Ապագայում մենք կյանքի կկոչենք նորարարական ծրագրեր, իսկ ոմանց արդեն իսկ բախտ է վիճակվել ներկայացնելու իրենց ծրագիրը Նյու Յորքում կայանալիք Imagine Cup միջազգային եզրափակիչ մրցույթում: Վստահ եմ, հաղթելու ցանկությունը եւ ոգեւորությունը ձեր առջեւ կբացեն լավագույն հեռանկար, իսկ տաղանդը կարտահայտվի ամբողջությամբ», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կարեն Շահնազարյանը:

Imagine Cup-ը ամենամյա միջազգային տեխնոլոգիական մրցույթ է, որը կազմակերպվում է Microsoft-ի եւ այլ ընկերությունների աջակցությամբ: Imagine Cup-ի հիմնական թեման ժամանակակից հիմնախնդիրների լուծումն է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: Նախորդ տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 325000 ուսանող 100 երկրից:

Մրցույթի ազգային փուլում հաղթած X-Tech թիմը, որը ներկայացրել է «Teach Me Now» (Սովորեցրու ինձ հիմա) ծրագիրը, հնարավորություն է ստացել Նյու Յորքում մասնակցել Imagine Cup մրցույթի միջազգային փուլին: