10:15 | 17.05.11 | Նորություններ | 4051

Հայաստանի մասնակցությունը «տիեզերական աղբի» ուսումնասիրման նախագծին կտեւի ավելի քան 10 տարի

Երեւան: Մեդիամաքս: Բյուրականի Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանը կմիանա, այսպես կոչված, «տիեզերական աղբի» ուսումնասիրման ռուսաստանյան նախագծին:

Ռուսական կողմն առաջին անգամ Բյուրականի աստղադիտարանի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել 2010 թվականին: Այն ժամանակ ռուսաստանյան մասնագետների պատվիրակությունն այցելել էր Հայաստան, եւ այցի արդյունքներով հուշագիր էր ստորագրվել համագործակցության մեկնարկի մասին: Նախորդ շաբաթ ռուսաստանյան փորձագետները կրկին այցելել են Բյուրական:

Մեդիամաքսի հետ հարցազրույցում նախագծի համակարգող, «Պրոեկտ-տեխնիկա» գիտաարտադրական ձեռնարկության գլխավոր տնօրեն Միխայիլ Կարդաշենկոն ասել է, որ նախագիծը կապված է երկրի շրջակա տարածքի դիտարկման, տիեզերական աղբի պոպուլյացիայի ուսումնասիրման հետ:

Տիեզերական աղբի հարյուր հազարավոր կտորներ սպառնալիք են ներկայացնում թռչող սարքերի համար: Բացի այդ, բեկորները կարող են ընկնել Երկրի վրա:

Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում նշել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, մասնակցությունը նախագծին ենթադրում է երկնքի որոշակի հատվածի մշտական դիտարկում: «Մեր մասնակցությունը նախագծին ենթադրում է աղբի հայտնաբերում եւ բեկորների ուղեծրերի հաշվարկում»,- պարզաբանել է տնօրենը:

Հայկ Հարությունյանը նշել է, որ մասնակցությունը նախագծին հնարավորություն կտա վերակառուցել եւ արդիականացնել երկու աստղադիտակ` Շմիդտի համակարգի 1 մետրանոց եւ 2,6 մետրանոց աստղադիտակները:

Աստղադիտակները կառուցվել են նախորդ դարի 60-70-ական թվականներին: Արդիականացումից հետո դրանք ամբողջությամբ կանցնեն թվային կառավարման: 1 մետրանոց աստղադիտակը չի շահագործվել 1989 թվականից: 2006 թվականից աստղադիտարանը սկսել է դրա վերականգնման աշխատանքները: “Վիվա-Սել-ՄՏՍ” ընկերության մասնակի ֆինանսավորմամբ եւ սեփական միջոցներով վերանորոգվել է ամբողջ էլեկտրոնիկան:

2,6 մետրանոց աստղադիտակի կառավարման անալոգային համակարգը թվայինի վերափոխելու, ինչպես նաեւ լուսաընդունիչները նորացնելու կարիք ունի: Մեծ աստղադիտակը թույլ է տալիս հայտնաբերել ամենափոքր մասնիկները ինչպես մեկ, այնպես էլ մի քանի ուղեծրերում:

Հայկ Հարությունյանը նշել է, որ ռուսաստանյան նախագծին մասնակցությունը ամենեւին չի անդրադառնա Բյուրականի աստղադիտարանի հիմնական գործունեության շարունակման վրա: Նրա խոսքերով, աստղադիտակների արդիականացումից հետո կավելանա դրանց արդյունավետությունը, եւ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի հասնել ավելի մեծ արդյունքների:

«Պրոեկտ-տեխնիկա»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Կարդաշենկոն նշել է, որ Հայաստանը կդառնա կարեւոր օղակ նախագծի մասնակից երկրների շղթայում: «Մեզ զարմացրել է գործիքների պահպանվածությունը: Արդիականացումից հետո 2,6 մետրանոց հեռադիտակը կդառնա եզակի, այն իր նմանը չի ունենա ամբողջ աշխարհում»,- ասել է նա:

Երկու հեռադիտակների արդիականացումը կսկսվի 2012 թվականին, այդ նպատակներով 2 տարվա ընթացքում ռուսական կողմը կհատկացնի $2-2,5 մլն:

Ծրագրի շրջանակներում աշխատանքների մեկնարկի համար Բյուրականի աստղադիտարանի տարածքում կտեղադրվի հզոր ավտոմատացված հաշվիչ կայան: Աստղադիտարանում կտեղադրվեն նաեւ 30-35 սանտիմետրանոց երեք նոր աստղադիտակներ: Նախատեսվում է, որ երկրի շրջակա տարածքի դիտարկման կայանը կգործարկվի այս տարվա ձմռանը: Այդ ուղղությամբ ներդրումները կկազմեն շուրջ $2 մլն:

«Բյուրականի աստղադիտարանը ձեռք է բերում երկնքի ուսումնասիրման ժամանակակից գործիքներ, որոնց շնորհիվ մեր հայաստանյան գործընկերները կարող են կարեւոր ավանդ ներմուծել համաշխարհային գիտության մեջ»,- ասել է Միխայիլ Կարդաշենկոն:

Նախատեսվում է, որ Հայաստանի մասնակցությունը տիեզերական աղբի ուսումնասիրման նախագծին կտեւի ավելի քան 10 տարի: Ռուսական կողմը հետաքրքրված է նաեւ Բյուրականի աստղադիտարանի տարածքում մնացած 6 աստղադիտակների արդիականացմամբ: