12:52 | 11.05.11 | Նորություններ | 4944

Երեւանում բացվեց “Microsoft-ի ինովացիոն կենտրոնը”

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) այսօր տեղի ունեցավ Հայաստանում “Microsoft-ի ինովացիոն կենտրոնի” (ՄԻԿ) բացման պաշտոնական արարողությունը:

Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի եւ գիտության եւ կրթության նախարարները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, Microsoft եւ Dell ընկերությունների ներկայացուցիչները:

Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը տեղեկացրեց, որ կենտրոնի հիմնական նպատակը Հայաստանում նորարարության խթանումն է, նոր գաղափարների բացահայտումը եւ ՏՏ լուծումների ստեղծումն ու ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում:

Գրիգոր Բարսեղյանի խոսքերով, որպես “նվազագույն նշաձող” մոտակա 3 տարիների համար կենտրոնը մշակել է հետեւյալ ծրագրերը.

Հայաստանի ՏՏ-ոլորտում 200 նոր աշխատատեղերի ստեղծում, 50 գործող ձեռնարկությունների աջակցություն, 10  նորաստեղծ ձեռնարկությունների կայացում եւ 20 ծրագրային ինովացիոն ապրանքատեսակների ստեղծում, որոնք հասանելի եւ ճանաչված կլինեն ամբողջ աշխարհում:

Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվել է “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի կողմից` ՀՀ կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Microsoft-ի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աջակցությամբ: Կենտրոնին տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Dell եւ «ԱրմենՏել» ընկերությունները:

ՄԻԿ ծրագրի ղեկավար Եվա Հյուսյանը տեղեկացրեց, որ կենտրոնը կիրականացնի կարճաժամկետ եւ երկարաժամկետ տեխնոլոգիական եւ բիզնես դասընթացներ, որոնց ընթացքում ուսանողները եւ ՏՏ ոլորտի մասնագետները կստանան իրենց գաղափարները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գիտելիքներ եւ խորհրդատվություն: