18:03 | 05.05.11 | Նորություններ | 911

Երեւանի կենտրոնում բացվել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի նոր տիպի առաջին կենտրոնը

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության բոլոր ծառայությունների մատուցումը մեկ տեղում համադրող սպասարկման կենտրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր Երեւանի կենտրոնում` Սայաթ-Նովա 12 հասցեում:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այս կենտրոնն առաջինն է իր տեսակի մեջ:

Հաճախորդը կարող է ոչ միայն ծանոթանալ ընկերության ծառայություններին ու առաջարկվող տեսականուն, այլեւ փորձարկել ողջ ընթացքը:

Կենտրոնում կիրառված մի շարք լուծումների շնորհիվ, հեռախոսասարքերը, անլար մոդեմները եւ բաժանորդների համար նախատեսված ուղեցույցները ներկայացված են առավել մատչելի կերպով: Տեղադրված են հպումային էկրանով ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք այցելուներին թույլ են տալիս ծանոթանալ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ծառայությունների ամբողջ տեսականուն:

Գործում է նաեւ հերթերի կառավարման ձայնային համակարգ: Նորաբաց սպասարկման կենտրոնում ներկայացված է ընկերության ծառայությունների ամբողջ տեսականին:
Այն սպասարկելու է թե անհատ, եւ թե կորպորատիվ բաժանորդներին:

“Սպասարկման որակը բիզնեսի ամենակարեւոր մրցակցային առավելությունն է, եւ նորարարական միջավայրով եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած այս նորաբաց սպասարկման կենտրոնը Հայաստանում որակի նոր չափանիշ է սահմանում հաճախորդների սպասարկման ոլորտում: Ընդհանրապես, “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ցանկացած սպասարկման կենտրոնում մեկտեղված են բազմաթիվ ծառայություններ, ինչպես նաեւ առկա է շարժական կապի համար նախատեսված սարքերի լայն  ընտրություն”, - ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

“Մենք հետեւողականորեն աշխատում ենք սպասարկման կենրոնների թիվն ավելացնելու ուղղությամբ: Մեր սպասարկման ցանցը գործում է երկրի ամբողջ տարածքում”,-նշել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենը:

Կենտրոնը կգործի առանց հանգստյան եւ տոնական օրերի ժամը 8-ից 24-ը: Այս պահին Հայաստանում գործում են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի սպասարկման 105 կենտրոններ: