«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
14:36 | 20.04.11 | Նորություններ | 4181
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հանդես կգա որպես 2011թ. հունիսի 4-5-ին Երեւանում կայանալիք «BarCamp Երեւան 2011» երրորդ «չկոնֆերանսի» կորպորատիվ հովանավոր:
«BarCamp Երեւան 2011»-ը կոչված է միավորելու ինտերնետային միջավայրում աշխատող, նոր մեդիաներ եւ Web2.0 նախագծեր ստեղծող մարդկանց, նվիրված է նրանց գաղափարներին եւ նորարարություններին: BarCamp-ի շրջանակում քննարկումները կընթանան զեկույցների եւ ներկայացումների ձեւաչափով: Մասնակիցները ոչ ֆորմալ մթնոլորտում կքննարկեն տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության եւ զանգվածային լրատվության ոլորտում նորագույն միտումներն ու նվաճումները:
Նախատեսվում է, որ այս տարի «BarCamp Երեւան 2011» նախագծին կմասնակցեն շուրջ 1000 հյուրեր, ՏՀՏ ոլորտի ավելի քան 10 ընկերությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«BarCamp Երեւան 2011»-ին մասնակցելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը հրավիրել է հայտնի բլոգեր Դմիտրի Չերնիշեւին (http://mi3ch.livejournal.com), «ՎիմպելԿոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաեւին, Ռուսաստանում Beeline-ի PR-մենեջեր Եկատերինա Տուրցեւային:
««ԱրմենՏել» ընկերությունը գործում է Հայաստանի կապի բնագավառի բոլոր ոլորտներում` կիրառելով գերժամանակակից սարքավորումներն ու տեխնոլոգիաները, եւ մեզ համար` որպես միասնական օպերատոր եւ շուկայի առաջատար, շատ կարեւոր է քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների եւ հաղորդակցության ոլորտի նշանակալից իրադարձությունները մեր ծառայություններից օգտվողների եւ շուկայի փորձագետների հետ: BarCamp-ը հիանալի հնարավորություն է դա անել անկաշկանդ մթնոլորտում»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: