11:53 | 25.03.11 | Նորություններ | 4460

16 IT-ընկերություններ ՀՀ բանկերին ներկայացնում են իրենց հնարավորությունները

Երեւան, Մեդիամաքս: «Տեղեկատվական տեխնոլոգիաներ բիզնեսի համար» ծրագիրը մի կողմից հայաստանյան բիզնեսին կօգնի ծանոթանալ տեղի IT-ընկերությունների հնարավորություններին, մյուս կողմից` այդ ընկերություններին կօգնի հասկանալ հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտների կարիքները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր IT եւ ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հանդիպումից առաջ Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ծրագրի շրջանակներում, որի նախաձեռնողը UITE-ն է, ՀՀ բարձր տեխնոլոգիական ընկերություններն ամեն ամիս իրենց լուծումները ներկայացնելու են ՀՀ բանկային, ապահովագրական, դեղագործական, շինարարական, սննդի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջային եւ տնտեսության այլ հատվածների ներկայացուցիչներին:

Ծրագրի շրջանակներում առաջին հանդիպումն ընթանում է այսօր Հայաստանի բանկերի միությունում եւ շարունակվելու է մինչեւ մարտի 31-ը: Երկու հանդիպումների ընթացքում հայաստանյան բանկերին իրենց լուծումները կներկայացնեն 16 IT-ընկերություններ` iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG, IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech եւ Alfa/Polycom:

Կարեն Վարդանյանը նշել է, որ տեղի IT-ընկերությունների հետ համագործակցության առավելությունը, բացի ծառայությունների մատչելիությունից, այն է, որ նրանց սպասարկման կենտրոնները շատ մոտ են բանկերին եւ կարող են օպերատիվ արձագանքել բոլոր հարցումներին:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ասել է, որ, չնայած երկրի բանկերի մեծ մասում առկա է տեղական ծրագրային ապահովում, այնուամենայնիվ, որոշ դեպքերում բանկերն օգտագործում են արտասահմանյան գործընկերների չափանիշներին համապատասխանող օտարերկրյա մատակարարների ապրանքատեսակները: Այդ համատեքստում Սեյրան Սարգսյանն ընդգծել է որակի եւ անվտանգության միջազգային չափանիշներին հայաստանյան ծրագրային ապահովման համապատասխանության անհրաժեշտությունը: