Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր ներկայացրել է էլեկտրոնային լիցենզավորման համակարգը www.e-gov.am կայքում:
Ինչպես այսօր կայացած շնորհանդեսի ընթացքում հայտնել է ՀՀ կառավարության Ախատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, լիցենզավորման էլեկտրոնային համակարգի ներդրումը գործադիր իշխանության առաջնահերթություններից մեկն է:
Նրա խոսքերով, լիցենզավորման նոր համակարգը մի կողմից թույլ կտա ապահովել կառավարության գործունեության թափանցիկությունը հասարակության համար, մյուս կողմից` քաղաքացիներին ու գործարար շրջանակներին մատուցել էլեկտրոնային ծառայություններ:
«Դա կնվազեցնի փաստաթղթաշրջանառությունը, կկրճատի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց շփումը պաշտոնյաների հետ»,- նշել է Դավիթ Սարգսյանը:
Նա ասել է, որ արդեն ստացվել են քաղաքաշինության ոլորտի էլեկտրոնային արտոնագրեր ստանալու առաջին հայտերը: Դավիթ Սարգսյանը հույս է հայտնել, որ «էլեկտրոնային լիցենզավորումը կդառնա ոչ միայն մոդայիկ երեւույթ, այլեւ` կենսունակ գործիք գործարար մթնոլորտի բարելավման համար»:
Ներկայումս լիցենզիաների վճարումներ են կատարվում ՀՀ առեւտրային բանկերում, իսկ առաջիկա ամսում կայքում կբացվի էլեկտրոնային վճարման հնարավորություն բանկային քարտերի միջոցով:
Կառավարության Աշխատակազմի ղեկավարն ասել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ճանապարհին հաջորդ քայլը կդառնա «e-register» համակարգը, որը սկսնակ ձեռնարկատերերին թույլ կտա 15-20 րոպեում էլեկտրոնային եղանակով գրանցել իրենց բիզնեսը «միասնական պատուհանի» սկզբունքով: