10:03 | 14.03.11 | Նորություններ | 3443

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են նոր ստեղծագործական ծրագրի մեկնարկի մասին

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են Զատիկի, գարնան եւ վերածննդի թեմային նվիրված նոր ստեղծագործական ծրագրի մեկնարկի մասին:

Մասնակցությունն անվճար է: 12-17 տարեկան պատանիների համար սեմինարները կանցկացվեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հանգստյան օրերին, մինչեւ ապրիլի 10 ներառյալ: Ստեղծագործական ծրագրերի անցկացման նպատակով հրավիրվել են հայկական մշակույթի, դիզայնի եւ ազգագրության հայտնի մասնագետներ եւ նկարիչներ` Նուռը (Արման Դավթյան), Սոնա Թաշչյանը, Լիլիթ Ավետյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ Լուսիկ Ագուլեցին:

Ստեղծագործական սեմինարների հիմնական նպատակն է` նոր գաղափարների ստեղծումն ու հին խորհրդանիշերի նորովի մեկնաբանումը:

“Ինչպես եւ մեր մյուս ծրագրերը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Զատկական ծրագիրը թույլ կտա մեր երիտասարդ այցելուներին մտորել անցյալի եւ ներկայի երկխոսության, ավանդույթների եւ նորարարությունների մասին: Աշխատանքը հայտնի նկարիչների, դիզայներների եւ ազգագրագետների հետ նրանց համար անշուշտ կհանդիսանա յուրահատուկ ստեղծագործական փորձ”, - նշեց  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն  Մարաբյանը:

“Հաճելի է, որ “ԱրմենՏել” ընկերության եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության հենց առաջին նախագիծը` շատ հետաքրքիր, պայծառ եւ ստեղծագործ ծրագիր է: Վստահ եմ, որ մասնակից պատանիները ձեռք կբերեն ժողովրդական խորհրդանիշների  նոր տեսլական եւ ընկալում, իսկ հաճելի հիշողությունը կուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում ”, - ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Մասնակցության  համար կարելի է դիմել Գաֆէսճեան արվեստի կենտրոն` 010541932  եւ  010541934 հեռախոսահամարներով: