14:22 | 09.03.11 | Նորություններ | 2876
Երեւան: Մեդիամաքս: «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է www.promo.am խմբակային գնումների ծառայության հետ համագործակցության մեկնարկի մասին:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, այսուհետ www.promo.am-ի բոլոր սպառողները կարող են իրենց հաշիվը լիցքավորել MegaPay ակնթարթային վճարումների համակարգի վճարային տերմինալների լայն ցանցի միջոցով:
Հաշվի լիցքավորման համար անհրաժեշտ է գլխավոր մենյուում ընտրել «Այլ վճարումներ» անվանման խումբը, ապա ցանկից ընտրել «promo.am» լոգոտիպով կոճակը, մուտքագրել հաշվեհամարը, գումարը եւ վճարել: Վճարումից հետո սպառողին տրամադրվում է կտրոն:
Դրամապանակները կարելի է լիցքավորել ընկերության 360 վճարային տերմինալների միջոցով, որից 283-ը տեղակայված են մայրաքաղաքում, 77-ը` ՀՀ խոշոր քաղաքներում եւ գյուղերում:
Promo.am ծառայությունը հիմնված է աշխարհում լայն տարածում գտած բիզնես-մոդելի վրա, որը սպառողներին հնարավորություն է ընձեռում ապրանքներ եւ ծառայություններ գնել 50-ից 90% զեղչով: Ամեն օր հավանական գնորդներին առաջարկվում է մեկ ակցիա, որի ընթացքում կարելի է փոքր գումարով գնել զեղչի իրավունք տրամադրող արժեկտրոն: Ակցիայի կայացման համար դրան պետք է մասնակցի 10 հոգի: