ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
«ՌՈՒՄԵԱ» ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը (Photo: Photolure)
(Photo: Photolure)
14:17 | 04.03.11 | Նորություններ | 4435
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է Հայաստանում հյուրանոցների օնլայն ամրագրման առաջին համակարգի` Armhotels.am-ի շնորհանդեսը վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, «ՌՈՒՄԵԱ» ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, ով հանդիսանում է նաեւ ծրագրի հեղինակը, ասել է, որ համակարգի շնորհիվ կարելի է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում նախօրոք պատվիրել եւ վճարել 73 հյուրանոցային համարի դիմաց, միաժամանակ, հյուրանոցների թիվը մշտապես համալրվում է:
Հյուրանոցային համարների դիմաց կարող են վճարել ինչպես ArCa-ի, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող վճարային համակարգերի քարտապանները: ArCa քարտապանները կարող են հյուրանոցային սենյակի դիմաց վճարել հայաստանյան համակարգի օնլայն-պրոցեսինգի, իսկ այլ քարտերի քարտապանները` Moneybookers պրոցեսինգային համակարգի միջոցով: Armhotels.am-ը ունի VeriSign կորպորացիայի կողմից տրամադրված անվտանգության սերտիֆիկատ:
«Ինտեգրվելով ամրագրման մի շարք խոշորագույն միջազգային համակարգերի, ինչպիսիք են Amadeus-ը, Galileo-ն, HRS-ն, Expedia-ն, GTA-ը, Hotels.com-ը եւ Travko-ն, մենք ստեղծում ենք աճի լայն հեռանկարներ այն կազմակերպությունների համար, որոնք համագործակցելու են Armhotels.am համակարգի հետ»,- ասել է Ռուբեն Գրիգորյանը:
Նա նշել է, որ շուտով բացի հյուրանոցային համարի ամրագրումից, Armhotels.am համակարգը կառաջարկի նաեւ բնակարանների կարճաժամկետ վարձակալության, ամառանոցների, թանգարանների տոմսերի, ռեստորանային սեղանների, մեկօրյա էքսկուրսիաների պատվիրման եւ ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ:
Armhotels.am նախագծի գաղափարը ներկայացվել էր ՀՀ կառավարությանն առընթեր հակաճգնաժամային օպերատիվ շտաբի քննարկմանը 2009թ. սեպտեմբերին: Կառավարությունը նախագծի հեղինակներին տրամադրել էր վարկի երաշխիք, ինչի շնորհիվ մշակողները ստացել էին անհրաժեշտ ֆինանսավորում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձարկել է համակարգը` նշելով, որ դրա շնորհիվ Հայաստանը հավանական զբոսաշրջիկների համար կդառնա «ավելի մոտ եւ հուսալի»: