12:43 | 02.03.11 | Նորություններ | 4037

Beeline-ը եւ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ուսումնասիրում են պլանշետների շուկայի հեռանկարները

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել”-ը ուշադիր ուսումնասիրում է Հայաստանում պլանշետային սարքավորումների շուկայի ներուժը եւ վաճառքներ կիրականացնի, եթե այդ ներուժը բավարար համարի:

Այդ մասին Մեդիամաքս-ին ասել է “ԱրմենՏել”-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը` պատասխանելով Հայաստանում Beeline M2 պլանշետային սարքի վաճառքի հեռանկարների մասին հարցին:

Beeline M2-ը աշխատում է Android օպերացիոն համակարգի հիման վրա, ունի բազմաթիվ ներդրված ծրագրեր, ինչպիսիք են Google Maps-ը, Google ձայնային որոնումը: М2-ն ունի նաեւ տեսախցիկ:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամուլի ծառայությունում Մեդիամաքս-ին ասել են, որ “պլանշետային համակարգիչներ կներկայացվեն դրանց կոմերցիոն անհրաժեշտության դեպքում”:

“Ներկայումս կա մի քանի թեկնածու մոդել, եւ մենք ընտրություն կկատարենք հայաստանյան սպառողին լավագույնն առաջարկելու համար”,- նշել են ընկերությունում:

ՄՏՍ ընկերությունը Ռուսաստանում իր պլանշետի վաճառքը, որը եւս գործում է Android համակարգով, սկսել է 2010թ. դեկտեմբերին:

Այստեղ` http://lenta.ru/articles/2011/01/17/tablets/, կարելի է ծանոթանալ Beeline-ի եւ ՄՏՍ-ի պլանշետների համեմատական թեստին:

ՀՀ երրորդ օպերատորը` Orange Armenia-ն, Հայաստանում ներկայացնում է Apple-ի iPad պլանշետը: