11:22 | 23.02.11 | Նորություններ | 4400

Orange Armenia-ն եւ Beeline-ը չեն նախատեսում ռոումինգի սակագների արմատական վերանայում

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունը մտադիր է վերանայել ռոումինգի սակագները տարբեր ուղղություններով:

Այդ մասին, պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Ռոումինգի սակագները փոխվելու են, ինչպես փոփոխվում են տեղական զանգերի սակագները: Իհարկե, պետք է իմանալ, որ դրանց գնագոյացման եւ տարիֆիկացման տրամաբանությունը նույնը չէ: Որպես մոտակա փոփոխություններ կարող եմ նշել, որ ընդլայնելու ենք Orange Գոտում ընդգրկված երկրների ցանկը, որը թույլ է տալիս առաջարկել բացառիկ սակագներ Orange-ի ներկայության եվրոպական երկրներում: Կլինեն նաեւ այլ կոնկրետ վերանայումներ»,- ասել է Բրունո Դյութուան:

Պատասխանելով ռոումինգի սակագների վերանայման հեռանկարների մասին Մեդիամաքս-ի հարցին` «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն ասել է.
«Ռոումինգի սակագների փոփոխումը չի կարող կատարվել ընդհանուր, դրանք սահմանվում են առանձին միջօպերատորական համաձայնագրերով: Այդ պատճառով գների փոփոխություն կարող է լինել միայն առանձին ուղղությունների համար: Օգտագործելով կապի միջազգային օպերատորի իր կարգավիճակը` «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբն իր ներկայության երկրներում առաջարկում է ռոումինգ Beeline ցանցում զգալիորեն ավելի շահավետ գներով, քան այլ օպերատորների մոտ»:
 
Պատասխանելով այն հարցին, թե Beeline-ի բաժանորդների ո՞ր մասն է օգտվում ռոումինգի ծառայությունից տարին գոնե մեկ անգամ` Անուշ Բեղլոյանն ասել է.
«Ռոումինգի ծառայությունից օգտվող բաժանորդների տոկոսը մոտավորապես համընկնում է ամեն տարի արտասահման գործնական հանդիպումների կամ հանգստանալու մեկնող ՀՀ քաղաքացիների տոկոսին»: