15:41 | 08.02.11 | Նորություններ | 3603

Microsoft-ը եւ World Vision-ը հայ դպրոցականներին սովորեցնում են ինտերնետային անվտանգության հիմքերը

Երեւան/Մեդիամաքս/. Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչությունը եւ World Vision Armenia բարեգործական կազմակերպությունն այսօր Երեւանում ամփոփել են ինտերնետից օգտվելու անվտանգության մասին տեսահոլովակների մրցույթի արդյունքները` պատրաստված 14-ից 18 տարեկան դպրոցականների կողմից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մրցույթի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ մրցույթը նվիրված է Անվտանգ ինտերնետի միջազգային օրվան եւ ուղղված է երեխաների ինտերնետային գրագիտության բարձրացմանը: Մրցույթին ներկայացվել է 60 աշխատանք, որոնցից լավագույնների հեղինակները ստացել են տարբեր պարգեւներ:

Գրիգոր Բարսեղյանի խոսքերով, այդ տեսահոլովակներով ձայնասկավառակները կտարածվեն ՀՀ 6 մարզերի 25 դպրոցներում, որտեղ Microsoft-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները մեկ ամսվա ընթացքում դասախոսություններով հանդես կգան հաղորդակցության ժամանակակից միջոցներից անվտանգ օգտվելու կանոնների մասին:
 
World Vision Armenia-ի կրթության գծով փորձագետ Հասմիկ Մինասյանը նշել է, որ կազմակերպությունն, իր հերթին, կտեղայնացնի եւ կտարածի երեխաների ինտերնետային գրագիտության բարձրացմանն ուղղված ուսումնական նյութեր: