12:47 | 08.02.11 | Նորություններ | 4074

    Սահմանափակ ռեսուրսներով ստեղծվող ընկերություններն ավելի կայուն են, կարծում է Նուբար Աֆեյանը

    Երեւան/Մեդիամաքս/. Flagship Ventures ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը կարծում է, որ սահմանափակ ռեսուրսներով ստեղծվող ընկերություններն ավելի կայուն են:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Նուբար Աֆեյանն այդ մասին ասել է փետրվարի 5-ին Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում անցկացրած բաց դասախոսության ընթացքում:

    «Շահույթի մաքսիմալացում ձեռնարկատիրությունից եւ ներդրումներ նորարարությունում» դասախոսության ընթացքում Նուբար Աֆեյանը պատմել է վենչուրային ներդրման` իր կարծիքով արդյունավետ ռազմավարությունների մասին:

    Սկսնակ ձեռնարկատերերին Նուբար Աֆեյանը խորհուրդ է տալիս «տանջվել, տանջվել, տանջվել» եւ «շատ աշխատել ու շատ աղոթել»: Նրա խոսքերով, անհրաժեշտ է գտնել այն, ինչ կարելի է համարել մրցակցային առավելություն, ապա անհրաժեշտ կլինեն միջոցներ, նորարարություն եւ հարմարվելու ունակություն:

    Խոսելով հետազոտություններում ներդրումների ծավալի մասին` Նուբար Աֆեյանն ասել է. «Սահմանափակ ռեսուրսների դեպքում, որոնց պայմաններում ստեղծվում է ընկերությունը, այն ավելի կայուն է լինում, քան բոլոր անհրաժեշտ միջոցների մատչելիության պայմաններում: Սկզբում մենք ներդնում ենք $100-150 հազար, երբեմն միջին փուլում ներդնում ենք $500 հազարից մինչեւ մեկ միլիոն: Եվ ես հիանալի հասկանում եմ, որ եթե ավելի շատ գումար տաս, մարդիկ կսկսեն հանգստանալ: Անհրաժեշտ է հետազոտության մեջ ներդրումներ կատարել փոքր մասնաբաժիններով»:

    Flagship Ventures-ը ունի $1 մլրդ ներդրումային պորտֆել:

    Վերջին 20 տարիների ընթացքում Նուբար Աֆեյանը մասնակցել է ավելի քան 20 նոր ընկերությունների կայացմանը եւ Flagship Ventures-ի կողմից հիմնված մի քանի ֆիրմաների տնօրենն է` Helicos Biosciences, Codon Devices, BG Medicine, Genstruct, Affinnova, Ensemble Discovery, LS9 եւ Joule Biosciences: