11:15 | 07.02.11 | Նորություններ | 4016

Telcell-ը եւ WebMoney-ն գործարկել են համատեղ ծառայություն

Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը եւ WebMoney-ն հայտարարել են համատեղ ծառայության գործարկման մասին:

Այսուհետ Telcell վճարային տերմինալներից օգտվողները կարող են համալրել իրենց WMZ-դրամապանակները: Բացի այդ, Telcell տերմինալների միջոցով այժմ կարելի է օգտվել WebMoney Check ծառայությունից, որը թույլ է տալիս գնումներ կատարել ինտերնետ-ցանցում WebMoney-ի միջոցով` չհանդիսանալով համակարգի բաժանորդ: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միայն բջջային հեռախոս:

WebMoney-դրամապանակը համալրելու համար անհրաժեշտ է տերմինալի վճարումների մենյուում ընտրել «Էլեկտրոնային դրամներ» բաժինը, ապա` WebMoney եւ լիցքավորման տեսակը:

Համակարգը հարմար եւ պարզ է օգտագործման համար, ունի «Լեզվի ընտրություն» գործառույթ եւ տարադրամի փոխարժեքի վերահաշվարկի հաշվիչ: Տերմինալ ներմուծվող գումարը հայկական դրամով հաշվարկելու համար բավական է միայն գումարի ցանկալի քանակը ներմուծել WebMoney:

«WebMoney-ի հետ մեր գործընկերությունը պայմանավորված է սպառողներին իրենց դրամապանակները համալրելու պարզ եւ հարմարավետ միջոց ընձեռելու ցանկությամբ: Սակայն այդ նախագիծն ունի նաեւ այլ նշանակություն` դուրս գալով ԱՊՀ տարածքում էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատարի հետ մեր ընկերության փոխհարաբերությունների շրջանակներից: Ըստ էության, հայաստանյան ինտերնետ-սպառողները ստանում են համացանցում գնումներ կատարելու եւս մեկ անվտանգ ու պարզ միջոց, ինչն արդյունքում կնպաստի էլեկտրոնային առեւտրի զարգացմանը»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ մարքեթինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցը: