10:30 | 23.12.10 | Նորություններ | 3313

Beeline-ի ֆիքսված եւ բջջային կապի բաժանորդները կարող են փոխանակել SMS-հաղորդագրություններ

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Խոսող SMS» ծառայության գործարկման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ծառայությունը հնարավորություն է տալիս Beeline բջջային կապի բաժանորդներին ուղարկել SMS-հաղորդագրություն Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին եւ հակառակը:

SMS-հաղորդագրություն ուղարկելուց հետո ֆիքսված կապի բաժանորդի հեռախոսահամարին կատարվում է զանգ` ստացված հաղորդագրություն մասին տեղեկատվությամբ: Ֆիքսված կապի բաժանորդը լսում է հաղորդագրությունը եւ ցանկության դեպքում կարող է ուղարկել պատասխան ձայնային հաղորդագրություն: Բջջային կապի բաժանորդը ստանում է ծանուցում պատասխան հաղորդագրության մասին, որը կարող է լսել` զանգահարելով 8008 կարճ համարին: SMS-հաղորդագրությունն ուղարկելու համար բջջային կապի բաժանորդին անհրաժեշտ է հեռախոսահամարը նշել հետեւյալ եղանակով` 010XXXXXX կամ 37410 XXXXXX:

«Հանդիսանալով Հայաստանի կապի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը հերթական անգամ ներկայանում է կապի ոլորտին առնչվող նորարար առաջարկով: Ծառայությունը հնարավորություն կընձեռի Beeline բջջային կապի բաժանորդներին ուղարկել SMS-հաղորդագրություններ իրենց ընկերների ոչ միայն բջջային, այլեւ ֆիքսված կապի հեռախոսահամարներին», - նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

SMS-հաղորդագրությունը ֆիքսված կապի բաժանորդին ուղարկելու համար կարող է գրվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` օգտագործելով կիրիլիկ կամ լատինական տառատեսակները: Ամբողջ Հայաստանի տարածքում ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին: Մեկ SMS-հաղորդագրության արժեքը Երեւանի քաղաքային համարին կազմում է 100 դրամ, իսկ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 8008 կարճ համարին` 90 դրամ: SMS-հաղորդագրության լսելը եւ պատասխան հաղորդագրության ուղարկելը ֆիքսված կապի բաժանորդների համար անվճար է:

Ֆիքսված կապի հեռախոսահամարին զանգերը կատարվում են բացառապես ժամը 8:00-ից մինչև 22:00-ը ընկած ժամանակահատվածում:  Եթե SMS-հաղորդագրությունն ուղարկվում է ժամը 22:00-ից հետո, ապա բջջային կապի բաժանորդը ստանում է տեղեկատվություն, որ իր հաղորդագրությունը կուղարկվի առավոտյան ժամը 8:00-ին: