14:09 | 08.12.10 | Նորություններ | 3766

Հայաստանում մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը

Երեւան/Մեդիամաքս/. «Համակարգիչ բոլորի համար» պետական ծրագրի հիմնական փուլը մեկնարկել է այսօր Հայաստանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ի տարբերություն 2009թ. սեպտեմբերից մինչեւ 2010թ. մայիսը Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում իրականացված փորձնական ծրագրի, այժմ այն կիրականացվի երկրի ողջ տարածքում (նաեւ ԼՂՀ-ում` որպես փորձնական ծրագիր):

Դրան կարող են միանալ համակարգչային սարքավորումներ արտադրողները եւ վաճառակետերը, ինչպես նաեւ բանկեր, որոնք կհամաձայնեն առանց կանխավճարի վարկեր տրամադրել համակարգիչներ գնելու համար:

Ծրագրի մանրամասները եւ դրան միանալու պայմանները ներկայացված են www.computerforall.am կայքում:

Այսօր ստորագրվել են նաեւ հուշագրեր եւս երկու փորձնական ծրագրերի անցկացման մասին Intel եւ HP ընկերությունների մասնակցությամբ` «Դպրոցական համակարգիչ» եւ «Համակարգիչ ուսուցիչների համար»:

Առաջին ծրագրի շրջանակներում Intel-ը Անանիա Շիրակացու անվ. ճեմարանին եւ «Մխիթար Սեբաստացի» ուսումնական կենտրոնին հատկացրել է 30 Intel Classmate PC համակարգիչ: Երկրորդ ծրագիրն ենթադրում է համակարգիչների ձեռք բերման մատչելի սխեմաների մշակում ուսուցիչների համար:

Միջոցառման ընթացքում հուշագիր է ստորագրվել ծրագրին «ԱրմենՏել» ընկերության միանալու մասին, որը այս տարվա օգոստոսի 12-ից իր հաճախորդներին առաջարկում է նաեւ նոութբուքերի եւ նեթբուքերի ձեռք բերման մատչելի սխեմաներ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ «ԱրմենՏել»-ը կարեւոր դեր է կատարում Հայաստանում համակարգչայնացվածության մակարդակի բարձրացման գործում: