10:25 | 03.12.10 | Նորություններ | 3745
Երեւան/Մեդիամաքս/. 5 հայկական գիտական նախագծեր շահել են դրամաշնորհներ մշակումների առեւտրականացման համար Գիտատեխնիկական ձեռներեցության զարգացման վենչուրային համաժողովի (STEP) արդյունքներով, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին Երեւանում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, $15 հազար ստացել է գիտական թիմերից յուրաքանչյուրը` Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի /ԳԱԱ/ Բիոքիմիայի ինստիտուտի, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, «Ինդաստրիալ Թեքնոլոջիս» ՍՊԸ եւ ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի թիմը:
Դրամաշնորհ ստացողները ներկայացրել են նանոտեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ բժշկության ասպարեզում գիտական մշակումների իրականացման եւ առեւտրականացման ծրագրեր:
Հայաստանում գիտական մշակումների առեւտրականացման խրախուսման ծրագիրը իրականացվում է «Քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամ» (CRDF) ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ:
STEP համաժողովը Երեւանում անցկացվում է չորրորդ անգամ: Երեկվա համաժողովում ներկայացվել է նախընտրական փուլը հաղթահարած 13 նորարարական նախագիծ: