17:15 | 01.12.10 | Նորություններ | 3097

ArmNet Awards-ի բոլոր մասնակիցներն անցել են եզրափակիչ` անկախ հավաքած ձայների քանակից

Երեւան/Մեդիամաքս/. ArmNet Awards հայաստանյան կայքէջերի մրցույթի բոլոր մասնակիցներն անցել են եզրափակիչ փուլ` անկախ հավաքած ձայների քանակից:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են SP Marketig Solutions ընկերությունում (մրցույթի կազմակերպիչը), այդպիսի որոշման պատճառ են հանդիսացել մրցույթի կայքէջի (www.armnetawards.am) քվեարկության համակարգի ծրագրային խափանումները, որոնց պատճառով ոմանց հաջողվել է արհեստականորեն ավելացնել ձայների քանակը, իսկ մյուսներին, հակառակը, չի հաջողվել քվեարկել դուր եկած կայքի օգտին:

Հանրային քվեարկության փուլն ավարտվել է նոյեմբերի 30-ին: Մրցույթին մասնակցել են 640 կայքեր, որոնք հավաքել են ընդհանուր առմամբ 121 421 ձայն:

«Ցանկանալով բացառել անարդար ընտրությունը` կազմակերպիչները վստահություն են հայտնում, որ պրոֆեսիոնալ ժյուրին ճիշտ կգնահատի յուրաքանչյուր կայքի արժանիքները եւ կբացահայտի լավագույններին»,- նշել են SP Marketig Solutions-ի մամուլի ծառայությունում: Լավագույն ռեսուրսների ընտրությունը կկատարվի միջազգային ժյուրիի կողմից, որի կազմում կընդգրկվեն այնպիսի ընկերությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են Microsoft-ը, RuTube-ը, Vkontakte.ru-ն եւ Opera Software-ը:

Հաղթողների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 4-ին` պաշտոնական մրցանակաբաշխության արարողություն ժամանակ, որին կնախորդի «Աութսորսինգից մինչեւ նորարարություններ» միջազգային համաժողովը: Այն Երեւանում կկայանա դեկտեմբերի 3-4-ը: Մասնավորապես, կներկայացվեն ինտերնետային տեխնոլոգիաների նորագույն միտումները եւ բիզնեսում դրանց կիրառման հեռանկարները: Համաժողովին մասնակցելու համար կարելի է գրանցվել մրցույթի պաշտոնական էջի եւ Facebook սոցիալական ցանցի միջոցով: